Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուսուցիչներն ու «ներառական կրթությունը» պարտվեցին Վերջին զանգին
492 հոգի կա ընդամենը, որ ֆեյսբուքում «ընկերական» կարդում ենք իրար։ Նրանցից ընդամենը քանիսին է ցույց տալիս ֆբ-ն ինձ, կամ քանիսն են ակտիվ՝ չգիտեմ, պարզ է՝ շատ ավելի քիչ։ Ու այս, շատ ավելի քիչ, մարդկանց մեջ արդեն երկու հոգի մի սիրուն տղայի ու մի սիրուն աղջկա լուսանկար են դրել ու գրել են այն մասին, որ նրանց չեն թույլ տվել մասնակցել Վերջին զանգին, որովհետև... աուտիզմ ունեն։
Որքանի՞ն են զրկել Վերջին զանգից ուրեմն։ Շատ ավելի շատերի։ Համոզված եմ՝ ոչ միայն այս համաշխանիշն ունեցողներին։ Երեխաները, ում «ներառել» են հանրակրթական դպրոցներ, դուրս են մնացել այն ավարտելու հանդեսի իրավունքից։
Սոցիալիզացիայի անվան տակ հատուկ կարիքներ ունեցող երեխաներին, գրանտների ու ինչ-ինչ չմտածված, միջազգային զեկույցների համար ընդգրկեցին հանրակրթական դպրոցներ, պահեցին տարիներով, չգիտես ինչ ու չգիտես ինչպես սովորեցնելով, ու վերջում, երբ այդ սոցիալիզացիայի ավարտուն տեսքը պիտի ի ցույց դնեին, գտան, որ երեխաները խանգարո՞ւմ են նշել իրենց տոնը։ Էլ ի՞նչ սոցիալիզացիա։ Էլ ի՞նչ ներառական կրթություն։ Էլ ինչի՞ համար էին գրանտները, «հաջողությունների» մասին զեկույցները։
Հատուկ կարիք ունեցող երեխաներից համար ափսոսացին ստեղծել հատուկ պայմաններ, հատուկ մեթոդներով, հատուկ մասնագետներով, այնպիսի միջավայրով, որտեղ և երեխան կկարողանար իր առանձնահատուկ կարողությունները դրսևորել, և ծնողները ստիպված չէին լինի «ներառական» դասերից հետո նրանց տանել մասնագետների մոտ, աստղաբաշխական գումարներ ծախսել՝ երեխաներին սովորեցնելու և ուրեմն հարմարեցնելու այս կյանքին։ Եթե իհարկե կան այդ գումարները։
Իսկ ինչպե՞ս էր. կային թույլ տեսնողների, վատ լսողների, հենաշարժիչ, մտավոր խնդիրներով երեխաների համար դպրոցներ, որտեղ մշակված էին հատուկ ուսուցողական մեթոդներ՝ նրանց օգնելու իրենց առանձնահատկություններով հանդերձ լավագույնս յուրացնել կրթական ծրագիրը։ Ճիշտ է, այնտեղ էլ այլ խնդիրներ կային՝ դպրոցը բաց պահելու համար որոշակի քանակ էր պետք, ու այդ քանակը ստանում էին այն երեխաների հաշվին, որ հանրակրթական դպրոց պիտի գնային, այդպիսով խախտելով նրանց՝ իրենց համար լավագույն կրթություն ստանալու իրավունքը։ Սոցիալապես անապահով ծնողները իրենց երեխաներին տալիս էին հատուկ դպրոցներ՝ շրջանցելով հատուկ հանձնաժողովները, որոնց միայն անունը կար, որ գոնե երեխաները սնվեին։
Այդպես՝ երեք հազար երեխա հաճախել էր մտավոր հետամնացների դպրոց՝ առանց այն ավարտելուց հետո բուհեր ընդունվելու հնարավորության...
Այդ մասին գրվել է, այդ մասին՝ այլ անգամ։ Այս անգամ՝ թե ինչպես ունքը սարքելու փոխարեն աչքն են հանում։ Կամ՝ դիմակները։
...Հետո փակվեցին, կամ, ինչը նույնքան տարօրինակ է՝ միացվեցին հատուկ դպրոցները, սկսեցին արտոնություններ տալ այն դպրոցներին, որտեղ ներառական ուսուցում կկազմակերպվի։ Ծնողներից շատերի համար դա թվաց փրկության օղակ, որ՝ երեխան կսովորի մյուսներին, մյուսները կսովորեն իրենց երեխաներին,.. կարծես այլ ձևեր ու տեղեր, քան դպրոցն է, չկա դա անելու։
Ասեմ նաև, որ ուսուցիչները հաճախ ծնողներին կանչում են դասերի ժամանակ երեխայի կողքը նստելու, հետևելու, թե ինչ է սովորում, ինչ է անում, որովհետև իրենք «չեն հասցնում»։ Այսպիսի «մեթոդ»։
Ընդհանուր ասած՝ ծնողները իրենց երեխաների՝ հասարակությունից դուրս մնալու վախից, ուսուցիչներն ու դպրոցները՝ սկզբում արտոնությունների համար, հետո՝ հայտնի չէ, թե ինչու, պետությունը՝ գումարներ դրսից ստանալու ու ներսում խնայելու, ու էլի զանազան միջազգային զեկույցների համար, նորմամուծության համար, ինչի պահանջների մանկավարժական հիմքը, համոզված եմ, ամենայն խորությամբ ու սրտացավությամբ չի ուսումնասիրված, չի տեղայնացված, չի հարմարեցված... այս երեխաների հնարավորություններն ու դպրոցական տարիները, այդպես ստացվեց՝ կերան ու նրանց էլ դուրս թողեցին Վերջին զանգին արժանիների ցանկից։
Ու փաստորեն ոչ միայն ուսուցիչ-մանկավարժները, դասընկերներն էլ։ Գերադասեցին ձևը էությունից ու այս երեխաներին իրենց շարքերը չներառեցին։ Կամ, մյուս կողմից նայելով՝ հատուկ կարիքներ չունենալով, այնուամենայնիվ իրենք էլ չկարողացան ներառվել այն ընդհանուրին, որ կա, առանձնացան։
Կրկնակի ձախողում։ Քառակի։ Ավելի։
Անահիտ Ոսկանյան