Սուրենյանց. 2026-ին ընդառաջ անհրաժեշտ է քաղաքական համակարգի ռեբրենդինգ
Քաղաքական
12:47 27/05/2025
Հայաստան

Սուրենյանց. 2026-ին ընդառաջ անհրաժեշտ է քաղաքական համակարգի ռեբրենդինգ

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների հեռակա բանավեճն այն բանի արդյունք է, որ մոտենում ենք ընտրությունների։ Իսկ ընտրական նոր ցիկլերը ենթադրում են փոփոխություններ ամբողջ համակարգում»,-լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Նրա գնահատմամբ, բանավեճն այն մասին է, որ ֆորսմաժորային իրավիճակի բացակայության պայմաններում իմպիչմենթի հնարավորություն չեն տեսնում, ինչի հետևանքով իմպիչմենթի գործընթացը թաղվում է  մշուշում։

«Իմպիչմենթ Հայաստանի նման երկրներում հնարավոր է, եթե կա ակտիվ փողոց, որը ճաքեր է առաջացնում իշխանության ներսում։ Եթե փողոցը չկա, ապա դժվար է պատկերացնել, որ ուղղահայաց բուրգի սկզբունքով գործող իշխանությունը ներսում ճաքեր կունենա, իսկ ակտիվ փողոցի համար պետք է քաղաքական այլընտրանքային ծրագիր, այսինքն մարդկանց պետք է կարողանաս ոչ միայն փողոցում հավաքել, այլև պահել»,-ասաց քաղաքագետը։

Սուրենյանցի կարծիքով, հայրենասիրական ճառերը, կարգախոսները, անիրական խոստումները լավ ճանապարհ չեն, պետք է կարողանալ վաղվա Հայաստանի տեսլականը ներկայացնել, հակառակ պարագայում Բագրատ Սրբազանի շարժումը կհաջողեր։

«Մյուս կողմից՝ երկրորդ և երրորդ նախագահների թիմերի տարանջատումը կարող է դրական էֆեկտ ունենալ այն իմաստով, որ 2021թ. խորհրդարանական ընտրությունների մոդելի կրկնություն չի լինի։ Այսինքն, մեծ հավանականություն կա, որ իշխանության կողմից խրախուսվող ներկա-նախկին, հին-նոր, սև-սպիտակ անտագոնիզմի վրա կառուցված մոդելը չի լինի, հնարավոր կլինի առաջիկա մեկ տարում կառուցել քաղաքական այնպիսի այլընտրանք, որը որակապես կփոխի քաղաքական համակարգի այցեքարտը, կլինի մեծ  ռեբրենդինգ»,-ասաց Սուրենյանցը։

Նա ասաց՝ իր ղեկավարած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունն այդ առումով հիմա բանակցություններ է վարում 4-5 քաղաքական ուժերի հետ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder