Ցեմենտը ռազմավարական նշանակության ապրանք է, կանխատեսել էինք այս օրը. Արծվիկ Մինասյան
Տնտեսություն
11:13 27/05/2025
Հայաստան

Ցեմենտը ռազմավարական նշանակության ապրանք է, կանխատեսել էինք այս օրը. Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովում քննարկվեց «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը։ 

Նախագծով առաջարկվում էր ներկայումս գործող 200-ապատիկի փոխարեն սահմանել բազային պետական տուրքի 800-ապատիկի չափ՝ յուրաքանչյուր մինչև 100 տոննա ներմուծման լիցենզիայի տրամադրման համար։

Նախագծի համաձայն, սույն օրենքի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքի (ցեմենտ) ներքին շուկան և  տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաև ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցության դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ: Նախագծի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հավասար պայմաններ ցեմենտի արտադրությամբ եւ ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների միջև:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ  ցեմենտը ռազմավարական նշանակության ապրանք է, այս հարցը պարզ լուծում չունի, ինչպես փորձ է արվում ներկայացնել։

«Դրա բազմավեկտոր ազդեցությունն իսկապես կարիք ունի լուրջ ուսումնասիրության՝ սկսած շինարարության վրա ազդեցությունից, ավարտված բնապահպանական հետևանքներով։ Երբ որ որոշվում է որոշակի գին, շուկան հավասարակշռելու տեսակետից, կարևոր է, որ բոլոր կոմպոնենտները հաշվի առնվեն, ոչ թե մեխանիկական  գին  որոշվի, որը շուկայում ճկունություն չի հաղորդում, այլ ընդունվի բանաձև, որը հավասարապես կտարածվի ներմուծման, արտադրության վրա»,- ասաց նա։

Ա.Մինասյանը նշեց, որ պարբերաբար բերել ու փոփոխություններ իրականացնել առանց հաշվի առնելու համակարգային խնդիրը՝ ճիշտ չէ։

«Այո, 2000 դրամ իջեցնելը այն ժամանակ մենք քննադատել ենք,  կանխատեսել էինք  այս օրը, որ սա բերելու է նաև այլ իրավիճակի, երբ  տեղական արտադրողները սկսելու են ճնշվել դրսից ներմուծման ծավալներից։

Բայց այն ժամանակ չլսեցիք։ Հիմա էլ ենք ասում՝ համակարգային  լուծման անհրաժեշտություն ունի, ոչ թե մեխանիկական, ամեն անգամ բերել ու տուրք փոխել»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Նախագիծն ընդունվեց  57 կողմ, 1 դեմ և 21 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder