Կառավարության շենքն օգտագործելու համար չէինք վճարում, հիմա վճարելու ենք, դրանից ի՞նչ է փոխվում մեր կյանքում. Փաշինյան
Տնտեսություն
11:38 29/05/2025
Հայաստան

Կառավարության շենքն օգտագործելու համար չէինք վճարում, հիմա վճարելու ենք, դրանից ի՞նչ է փոխվում մեր կյանքում. Փաշինյան

«Հայաստանի հանրապետությունում պետական գույքի անհատույց օգտագործման համակարգը տարիների ընթացքում հանգեցրել է մի շարք համակարգային խնդիրների, այդ թվում՝ գույքի թերի կամ ոչ նպատակային օգտագործման, հանրային հսկողության ոչ բավարար մակարդակի»,-կառավարությա նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նրա խոսքով՝ արձանագրվել են բազմաթիվ դեպքեր, երբ պետական գույքն օգտագործվել է ոչ արդյունավետ, որոշ դեպքերում՝ մասնակի և կան ընդհանրապես չօգտագործվող գույքային միավորներ։

«Ըստ առաջարկվող օրենսդրական կարգավորումների՝ պետական մարմիններին և ՊՈԱԿ-ներին, հիմնադրամներին անշարժ գույքը տրվելու է վարձակալությամբ և վարձակալությունից ստացված գումարներն ուղղվելու են պետական բյուջե»,-զեկուցեց նախարարը։

Նիկոլ Փաշինյանը հարցրեց. «Հիմա ենթադրվում է, որ կառավարության շենքն էլ ենք վարձակալությամբ վերցնելո՞ւ։ Չէինք վճարում, հիմա վճարում ենք, դրանից ի՞նչ է փոխվում մեր կյանքում»։

Խուդաթյանը ասաց, որ այդ գերատեսչություների վրա լրացուցիչ ծախս է ավելանում և այդ գույքերի օգտագործման նպատակահարմարությունը կորոշվի։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նկատեց, որ ամենաշատ բեռը իր ղեկավարած գերատեսչության վրա է դրվում, քանի որ կա 1300 դպրոց, որոնց դիմաց վճարելը ծախսերի ավելացում է և խնդիր է լինելու վարչարարության ավելացման առումով և այդ խնդիրը պետք է ԱԺ-ում քննարկվի։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder