Սթրեսային իրադարձությունները կարող են բարձրացնել Ցրված սկլերոզի զարգացման ռիսկը 17–30%-ով
Առողջություն
11:51 30/05/2025
Հայաստան

Սթրեսային իրադարձությունները կարող են բարձրացնել Ցրված սկլերոզի զարգացման ռիսկը 17–30%-ով

Ամեն տարի մայիսի 30-ին բազմաթիվ երկրներում նշվում է Ցրված սկլերոզի դեմ պայքարի համաշխարհային օրը։ 2025 թվականին այս օրը կրում է «Հաղթահարենք ՑՍ-ը միասին» խորագիրը, որն ընդգծում է միջազգային համագործակցության, գիտահետազոտական նորարարությունների և հասարակության ակտիվ մասնակցության կարևորությունը ՑՍ-ի հետ կապված մարտահրավերների հաղթահարման գործում։

Ցրված սկլերոզը (ՑՍ) կենտրոնական նյարդային համակարգի քրոնիկական աուտոիմուն հիվանդություն է, որի հիմքում ընկած է իմունային համակարգի արձագանքը սեփական նյարդաթելերի միելինային ծածկույթի նկատմամբ։ Այս պրոցեսում գլխավոր դեր են խաղում T և B լիմֆոցիտները, որոնք ակտիվանալով՝ անցնում են արյունաուղեղային պատնեշը և առաջացնում բորբոքային և դեմիելինիզացիոն օջախներ գլխուղեղում և ողնուղեղում։

Միելինի վնասումը հանգեցնում է նեյրոնների հաղորդականության խափանման և նյարդային համակարգի գործունեության խանգարման։ Բացի դեմիելինիզացիայից, հիվանդության ընթացքում զարգանում է նեյրոնների՝ աքսոնների դեգեներացիա՝ բորբոքման, քրոնիկ վնասման և նեյրոնների սնուցման խանգարումների պատճառով։ Նշված ախտաֆիզիոլոգիական մեխանիզմները հանգեցնում են շարժողական, զգայական, տեսողական, ճանաչողական և հուզական գործառույթների բազմաբնույթ խանգարումների։

ՑՍ-ը համարվում է երիտասարդ մեծահասակների շրջանում նյարդաբանական բնույթի հաշմանդամության առաջատար պատճառներից մեկը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ՑՍ-ի միջազգային ֆեդերացիայի (MSIF) տվյալներով՝ 2020 թվականի դրությամբ աշխարհում այս հիվանդությամբ ապրում էր մոտ 2.8 միլիոն մարդ։ Վերջին տասնամյակների ընթացքում արձանագրվել է ՑՍ-ի գլոբալ տարածվածության կայուն աճ, ինչը կարող է պայմանավորված լինել ինչպես ախտորոշման մեթոդների կատարելագործմամբ, այնպես էլ շրջակա միջավայրի փոփոխություններով պայմանավորված հիվանդացության իրական աճով։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2021 թվականին արձանագրվել է ցրված սկլերոզի ավելի քան 62 000 նոր դեպք։ Միջին հաշվով՝ յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ արձանագրվում է ՑՍ-ի նոր ախտորոշում։ Երեխաների շրջանում ՑՍ-ի առաջնակի հիվանդացության ցուցանիշը կազմում է շուրջ 0.51 դեպք՝ 100 000 մարդ-ամյակի հաշվով։

ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի»  կենտրոնից նշում են, որ ցրված սկլերոզի տարածվածությանը բնորոշ է հստակ աշխարհագրական օրինաչափություն, որը հայտնի է որպես լայնությունային գրադիենտ․ հիվանդության տարածվածությունը աճում է դեպի հյուսիսային լայնություններ։ Առավել բարձր ցուցանիշներ արձանագրվում են Հյուսիսային Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի երկրներում՝ հատկապես Շվեդիայում (219 դեպք 100 000 բնակչի հաշվով), Կանադայում (182), Նորվեգիայում (176), Իռլանդիայում (163), Մեծ Բրիտանիայում (158), ինչպես նաև Ավստրալիայի հարավային շրջաններում և Նոր Զելանդիայում։

Հասարակածին մոտ գտնվող տարածաշրջաններում (Ասիայի որոշ հատվածներ, Սահարայից հարավ գտնվող Աֆրիկա) տարածվածությունն զգալիորեն ցածր է՝ մոտ 2 դեպք 100 000 բնակչի հաշվով։ Այս օրինաչափությունն ընդգծում է արևային ճառագայթման և վիտամին D-ի հնարավոր դերը ՑՍ-ի առաջացման մեջ։

ՑՍ-ը բնորոշվում է կլինիկական ընթացքի, հիվանդության մանիֆեստացիայի և ելքի հսկայական հետերոգենությամբ, որը պայմանավորված է դեմիելինիզացնող վահանիկների տարբեր տեղակայմամբ` օպտիկ նյարդեր, ուղեղիկի ոտիկներ, պերիվենտրիկուլյար սպիտակ նյութ, ուղեղաբուն, ողնուղեղ:

Հիմնական ախտանիշները կարող են ներառել՝

• քայլելու և հավասարակշռության խանգարումներ,

• թմրածություն կամ թուլություն՝ հատկապես վերին և ստորին վերջույթներում,

• մկանային կարկամություն,

• տեսողության, լսողության և խոսքի խանգարումներ,

• դեպրեսիա և հուզական անկայունություն,

• կոգնիտիվ խանգարումներ՝ հիշողության և ուշադրության թուլացում,

• կոնքի օրգանների դիսֆունկցիա (միզարձակության և աղիքային խանգարումներ

Հիվանդության կլինիկական դրսևորումները հաճախ անկանխատեսելի բնույթ են կրում և կարող են ժամանակի ընթացքում փոփոխվել՝ սկսած մասնակի կամ ամբողջական ռեմիսիայից մինչև սրացումների հետևանքով արագ վիճակի վատացում։

ՑՍ-ի պատճառները դեռևս բացահայտված չեն։ Նրա զարգացումը պայմանավորված է գենետիկական և շրջակա միջավայրի գործոնների բարդ փոխազդեցությամբ։

Ստորև ներկայացված են ՑՍ-ի զարգացմանը նպաստող հիմնական ռիսկի գործոնները․

Ընտանեկան անամնեզ․ ՑՍ ունեցող հիվանդների առաջին, երկրորդ և երրորդ աստիճանի հարազատների շրջանում ՑՍ-ի հանդիպման հաճախականությունը ավելի բարձր է (2-4%), քան ընդհանուր պոպուլյացիայում (0.1%)։

Միաբջիջ երկվորյակների շրջանում կոնկորդանտությունն ըստ ՑՍ (հիվանդության առկայության համընկնում) կազմում է 25-30%, իսկ տարբեր բջիջներից զարգացած երկվորյակների մոտ՝ մինչև 5%։ Սա վկայում է նրա մասին, որ նշանակություն ունի ոչ միայն ժառանգականությունը, այլև շրջակա միջավայրի ազդեցությունը։

Գենետիկական մարկերներ․ ՑՍ-ի նկատմամբ նախատրամադրվածությունն ունի պոլիգենային բնույթ՝ ներառելով մի շարք գեներ, որոնք մասնակցում են իմունային պատասխանների կարգավորմանը։ Ամենաուժեղ ասոցացված մարկերն է HLA-DRB1*1501 ալելը (հարաբերական ռիսկ՝ 3–4)։ Բացի դրանից, հիվանդության զարգացման մեջ դեր ունեն նաև HLA-DR, IL2RA, IL4, IL6, IL12B, IL17R, IRF5, CD24, CD58, VDR, CYP27B1, միթոքոնդրիալ ԴՆԹ-ի, PAI-1, ApoE և DPP6 գեները։

Ազգային պատկանելիություն․ ՑՍ-ի հանդիպման հաճախականությունը զգալիորեն տարբերվում է տարբեր էթնիկ խմբերի միջև, նույնիսկ նույն աշխարհագրական տարածաշրջանում։ Հիվանդացության առավել բարձր մակարդակ դիտվում է հյուսիսեվրոպական և սկանդինավյան ծագում ունեցող անձանց շրջանում, մինչդեռ Ամերիկայի բնիկ ժողովուրդների և Ալյասկայի էսկիմոսների մոտ ՑՍ-ը գրեթե չի արձանագրվում։

Սեռ. ՑՍ-ը չորս անգամ ավելի հաճախ է հանդիպում կանանց շրջանում համեմատած տղամարդկանց հետ:

Տարիք․ ՑՍ հաճախ սկսվում է 20-40 տարեկան հասակում։ Սրացող-ռեմիտող ձևի դեպքում հիվանդության սկիզբը դիտվում է 25–29 տարեկանում, իսկ առաջնային պրոգրեսիվ ձևի դեպքում՝ 39–41 տարեկանում։ Հիվանդությունը կարող է նաև հանդիպել մանկական տարիքում (մինչև 10% դեպքերում) և առավել ուշ՝ տարեցների շրջանում։

Էպշտեյն-Բարի վիրուսով (EBV) վարակումը համարվում է առավել ուսումնասիրված և կարևոր ռիսկի գործոններից մեկը։ EBV-ի միջուկային հակածինի (EBNA) նկատմամբ IgG հակամարմինների առկայությունը կապված է ՑՍ-ի ռիսկի ավելի քան 4.5 անգամ աճի հետ։

Անամնեզում ինֆեկցիոն մոնոնուկլեոզի առկայություն․ Այն նույնպես բարձրացնում է ՑՍ-ի զարգացման ռիսկը ( շուրջ 2.2 անգամ)

Ծխախոտի օգտագործում. ՑՍ-ի զարգացման հաստատված կառավարելի ռիսկի գործոն է։ Ծխելու հետևանքով հիվանդության զարգացման հավանականությունը մոտ 1.5 անգամ բարձրանում է։

Վիտամին D-ի պակաս․ Վիտամին D-ի ցածր մակարդակը՝ հատկապես սահմանափակ արևային ճառագայթում ունեցող տարածքներում, կապված է ՑՍ-ի զարգացման բարձր ռիսկի հետ։

Մանկական տարիքում միգրացիան. Մանկական տարիքում ցածր ռիսկով գոտիներից բարձր ռիսկով տարածքներ տեղափոխված անձինք ձեռք են բերում տվյալ տարածաշրջանին բնորոշ ռիսկ, ինչը վկայում է վաղ շրջանում միջավայրային գործոնների ազդեցության մասին։

Ճարպակալում. Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ ավելցուկային քաշ և ճարպակալում ունեցող անձանց շրջանում ՑՍ-ի ռիսկը կարող է նվազել մինչև 56%-ով, սակայն տվայլները հակասական են և պահանջում են հավելյալ հետազոտություններ։

Քրոնիկ սթրես. 2020 թվականին իրականացված խոշոր հետազոտության արդյունքները վկայում են այն մասին, որ սթրեսային իրադարձությունները կարող են բարձրացնել ՑՍ-ի զարգացման ռիսկը 17–30%-ով։

Ցրված սկլերոզի ախտորոշումը հիմնականում իրականացվում է բացառման մեթոդով, քանի որ առկա չէ որևէ սպեցիֆիկ ախտորոշիչ թեստ, որը թույլ կտա հստակ հաստատել հիվանդության առկայությունը։ Ախտորոշման գործընթացում կարևոր դեր ունի ՄՌՏ հետազոտությունը, որի միջոցով հնարավոր է տեսանելի դարձնել գլխուղեղի և ողնուղեղի հյուսվածքներում սկլերոտիկ փոփոխությունները։ Ախտորոշման ճշգրտման նպատակով կարող են կիրառվել նաև այլ լրացուցիչ հետազոտական մեթոդներ։

«Ցավոք, ցրված սկլերոզը ներկայումս համարվում է անբուժելի հիվանդություն։ Սակայն, գոյություն ունեն բուժման արդյունավետ մեթոդներ, որոնք նպաստում են ախտանիշների նվազեցմանը, ռեցիդիվների կանխարգելմանը, հիվանդության ընթացքի դանդաղեցմանը և պացիենտի կյանքի որակի բարելավմանը։ Կարևորվում է հիվանդության ընթացքը ձևափոխող դեղամիջոցների վաղ փուլում նշանակումը, ինչը կարող է էապես դանդաղեցնել նեյրոդեգեներատիվ գործընթացները և բարելավել հիվանդության երկարաժամկետ կանխատեսումը»,- նշում են կենտրոնից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder