«Ժողովուրդ». Երեկ ՔՊ-ականները, կարելի է ասել, «հարձակվել» են Սուրեն Պապիկյանի ու Հայկ Սարգսյանի վրա՝ պահանջելով չեղարկել նախագիծը
Օրվա մամուլ
09:15 30/05/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Երեկ ՔՊ-ականները, կարելի է ասել, «հարձակվել» են Սուրեն Պապիկյանի ու Հայկ Սարգսյանի վրա՝ պահանջելով չեղարկել նախագիծը

«Ժողովուրդ» թերթը գրում է. 

««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ երեկ ԱԺ-ում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի և ՔՊ խմբակցության պատգամավորների 4 ժամ տևած դռնփակ հանդիպումը բավականին թեժ է եղել:

Ըստ մեր տեղեկությունների՝ շուրջ 40 պատգամավոր է գրանցվել նախարար Պապիկյանին ու ՔՊ խմբակցության պատգամավոր, մականունավոր՝ մեդիադաշտում «Շիշ բռնող» անունով հայտնի Հայկ Սարգսյանին հարցեր ուղղելու համար: Նրանք ներկայացրել են մի սկանդալային նախագիծ, ըստ որի՝ գումար մուծելու դեպքում ՀՀ քաղաքացին կարող է կրճատել իր զինվորական ծառայության ժամկետները, կամ ընդհանրապես չծառայել: Երեկ ՔՊ-ականները, կարելի է ասել, «հարձակվել» են Սուրեն Պապիկյանի ու Հայկ Սարգսյանի վրա՝ պահանջելով չեղարկել նախագիծը, քանի որ այն իրականում խտրական վերաբերմունք է պարունակում հանրության աղքատ խավի համար: Իսկ Հայկ Սարգսյանն անդրդվելի է մնացել. ՔՊ-ականների գրեթե բոլոր հարցերին նա պատասխանել է, թե շատ լավ նախագիծ է, ու ինքը չի պատրաստվում նախագիծը «հետ կանչել»:

ՔՊ-ականները «նեղն» են գցել նաև Պապիկյանին՝ հայտարարելով, որ իրենց համար անհասկանալի է, թե նման անմշակ նախագծին ինչպես կարող էին հավանություն տալ ՊՆ-ում: Իհարկե, Պապիկյանն ու Սարգսյանը բացատրել են, որ եթե գումար վճարեն, իրենք այդ պարագայում վճարողներին կվերցնեն որպես պայմանագրային զինծառայողներ, ու արդեն հավասարություն կլինի, բայց ՔՊ-ականները պնդել են, որ սոցիալական անարդարություն է լինելու:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ չորս ժամ տևողությամբ փակ քննարկումն էլ արդյունք չի տվել, եթե նախագիծը առանց փոփոխության բերվի, ՔՊ-ն պատրաստվում է դեմ քվեարկել դրան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder