Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել նախագահական ընտրություններում
Քաղաքական
13:05 31/05/2025
Տարածաշրջան

Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել նախագահական ընտրություններում

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը քննարկում է հանրապետության ներկայիս առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանին խորհրդարանում քվեարկության միջոցով երրորդ անգամ առաջադրելու հնարավորությունը։ Այս մասին հաղորդում է թուրքական կառավարամետ «Türkiye» թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ռիա  նովոստիի հաղորդմամբ, արդարադատության նախարար Յըլմազ Թունջը նախկինում հայտարարել էր, որ Էրդողանը կարող է երրորդ ժամկետով առաջադրվել, եթե խորհրդարանը որոշի անցկացնել արտահերթ ընտրություններ։

Արտահերթ ընտրություններ նշանակելու համար անհրաժեշտ է 360 պատգամավորի ձայն. ամենամեծ ընդդիմադիր Հանրապետական ​​ժողովրդական կուսակցությունը  ներկայումս ունի 127 մանդատ, մինչդեռ «Արդարություն և զարգացում» կուսակցության և Ազգայնական շարժում կուսակցության իշխող դաշինքը՝ 315։

«Սահմանադրության համաձայն՝ նախագահ Էրդողանը կրկին առաջադրվելու երկու տարբերակ ունի։ Կամ խորհրդարանն ընդունում է ընտրությունների մասին որոշում, կամ փոփոխվում է սահմանադրության 101-րդ հոդվածը՝ «Նախագահի թեկնածություն և ընտրություններ» վերնագրով։ Իշխող կուսակցության կարծիքով՝ սահմանադրությունը փոփոխելու փոխարեն, Էրդողանի համար կրկին թեկնածու դառնալու ավելի ողջամիտ միջոց կլինի խորհրդարանի կողմից ընտրությունների մասին որոշում ընդունելը», - գրել է թերթը։

2017 թվականին Թուրքիան հանրաքվեի արդյունքում դարձել է նախագահական հանրապետություն։ Գործող սահմանադրության համաձայն՝ պետության ղեկավարը կարող է պաշտոնավարել ոչ ավելի, քան երկու անընդմեջ ժամկետով։ 2023 թվականի մայիսին Էրդողանը վերընտրվել է երկրորդ հնգամյա ժամկետով։ Ընտրարշավի ընթացքում ընդդիմադիր կուսակցությունները պնդում էին, որ սա իրականում երրորդ ժամկետն է, քանի որ Էրդողանը նախագահ էր 2014-ից 2018 թվականներին, բայց խորհրդարանական հանրապետության պայմաններում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Էրդողանը կարող է երրորդ անգամ առաջադրվել նախագահական ընտրություններում