Արցախի նախագահի թեկնածու չի առաջադրվել, Հայաստանի ԱԺ նախագահի խոսքն ուղիղ իրենց ճնշումների մասին էր. Մետաքսե Հակոբյան
Քաղաքական
12:38 31/05/2025
Հայաստան

Արցախի նախագահի թեկնածու չի առաջադրվել, Հայաստանի ԱԺ նախագահի խոսքն ուղիղ իրենց ճնշումների մասին էր. Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի լիազորությունները 2025 թվականի մայիսի 21-ին ավարտվել են։ Ըստ Արցախի Սահմանադրության, նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ այդ օրվանից ոչ շուտ, քան 7 օր, և ոչ ուշ, քան 10 օր հետո։ Այսօր լրանում է այդ ժամկետը։

Panorama.am-ը Արցախի նախագահի ընտրության գործընթացի վերաբերյալ զրուցել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ 

Մետաքսե Հակոբյան-Այս ժամկետը թեկնածուներ առաջադրելու, ընտրություններ անցկացնելու համար էր։ Ցավով նշեմ, որ այս փուլում դեռ առաջընթաց չունենք, որովհետև, ըստ էության, մեզ անհրաժեշտ էր այս իրավիճակում կոնսենսուսային թեկնածու։ Այս պարագայում դեռևս առաջադրված թեկնածու չկա։ Այսօր կամ վաղը հայտարարություն կլինի, որից հետո կտրվեն կարգավորումներ։ Այս պահին ավելի որևէ բան չեմ կարող ասել, բայց հայտարարությունը լինելուց հետո, խոստանում եմ, շատ ավելի փակագծեր բացելով՝ կմանրամասնեմ։

Այս փուլում չհաջողեցինք արագ կարգավորումներ անել։ Ոչ թե միասնական թեկնածուի խնդիր ունենք... Այն առումով կարծես թե այս ընթացքը չկայացավ, որովհետև ոչ թե անհամաձայնություն կա, այլ թեկնածու ուղղակի չառաջադրվեց։ Որևէ խմբակցություն դեռ թեկնածու չի առաջադրել։

Մենք փոքր խմբակցություն էինք, սպասում էինք ավելի  մեծ խմբակցություններն առաջադրեն, մենք միանալու էինք, անխոս,  ցավոք սրտի, չեղավ։  Դա ճիշտ չէ, նույնիսկ շատ-շատ վատ է, այս իրավիճակում դա թուլություն եմ համարում։ Հուսանք, մոտ օրերս այդ առումով կարգավորումները կտրվեն։

Panorama.am-Հայաստանի իշխանությունների կողմից որևէ ճնշում զգո՞ւմ էիք, կարո՞ղ է՝ դա է ազդեցություն ունեցել, որ կոնսենսուսային թեկնածու չի առաջադրվել։

Մետաքսե Հակոբյան-Իմ, իմ խմբակցության վրա չի կարող  որևէ մեկի ճնշումն ունենալ որևէ ազդեցություն, այդ ճնշումները բռնի տեղահանությունից հետո շատ ուղիղ, երբեմն ֆիզիկական բնույթի, ահաբեկչական, տարբեր տեսակի եղել են, մեզ վրա չեն կարող ազդել։ Մնացածի մասով չեմ կարող վստահ ասել, որովհետև ամեն դեպքում կա ազդեցություն։

Ինչ վերաբերում է ճնշումներ լինել-չլինելուն, կարծում եմ, վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի նախագահի խոսքն ուղիղ դրա մասին էր, ենթատեքստ էլ չկա, շատ ուղիղ խոսում է իրենց կատարած ճնշումների, պահանջների մասին։ Իհարկե, կան այդ ճնշումները, բայց, ըստ իս, որևէ մեկն Արցախից իրավունք չունի ենթարկվելու, վախենալու այդ ճնշումներից, մեր նպատակը շատ ավելի կարևոր է, բարձր է, քան ցանկացած ճնշում։ Պետք է լինի այն գիտակցումը, որ այս մարդիկ վախ թե ուշ չեն լինելու, բայց թույլ, խեղճ, գլխիկոր պահվածքն իր հետևանքները թողնելու է։

Panorama.am-Եթե սահմանված ժամկետում չընտրվի նախագահ, ի՞նչ կլինի դրանից հետո։

Մետաքսե Հակոբյան-Դրանից հետո բավականին լուրջ խառնաշփոթ է ենթադրվում։ Սահմանադրությունը հստակ է։ Չգիտեմ, այս հարցին ավելի ճիշտ կլինի պատասխանեն մասնագետները։

Panorama.am-Շնորհակալություն հարցերին պատասխանելու համար։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder