Սա դասական քաղաքական պայքար չէ, սա ազգային-ազատագրական պայքար է ընդդեմ ներքին թշնամու. Վանեցյանը՝ 2026 թ. ընտրությունների մասին
Քաղաքական
14:53 02/06/2025
Հայաստան

Սա դասական քաղաքական պայքար չէ, սա ազգային-ազատագրական պայքար է ընդդեմ ներքին թշնամու. Վանեցյանը՝ 2026 թ. ընտրությունների մասին

«Իսկ կա՞ քաղաքական ուժ, որը չի պատրաստվում համապետական, խորհրդարանական ընտրություններին։ Չի կարող լինել քաղաքական ուժ, որը չպատրաստվի ընտրություններին»,- ԼուրջCast-ի եթերում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա ընդգծեց՝ այս պահին ընտրությունների չեն պատրաստվում, այլ քայլեր են ձեռնարկում այս իշխանություններից ազատվելու։

«Ես դրա բանաձևումը տվել եմ. չբացառելով փողոցային պայքարը, որևէ գործողություն, որ կբերի այս իշխանության հեռացմանը՝ մենք միաժամանակ պետք է պատրաստվենք ընտրություններին։ 2026 թիվը կգա, կլինեն ընտրություններ, այդ ընտրություններին, ցավոք սրտի, միայն պատրաստ կլինի իշխանությունը, ու մենք կասենք՝ ինչի՞ այնպես ստացվեց, որ իշխանությունները կարողացան շատ ձայներ ստանալ։ Իսկ սրանց թողնել իշխանության, Հայաստանը չի կարող նման «շքեղություն» երկրորդ անգամ իրեն թույլ տալ, որովհետև սա դասական քաղաքական պայքար չէ, սա ազգային-ազատագրական պայքար է ընդդեմ ներքին թշնամու։ Սա հստակ, շատ սուր, շատ կոշտ ձևակերպում է, որը ես ուզում եմ ևս մեկ անգամ հնչեցնել»,-ասաց Վանեցյանը։

Հարցին, եթե այդքան լուրջ է ամեն բան, ինչո՞ւ են ընդդիմադիր ուժերը քննադատում միմյանց, ընդդիմադիր քաղաքական գործիչն արձագանքեց.

 «Եկեք, ես չմտնեմ այլ ուժերի  հարաբերությունների մեջ, խոսեմ մեր, իմ մասին։ Ես ունեմ շատ լավ հարաբերություններ թե երկրորդ, թե երրորդ նախագահների թիմերի հետ, թե մնացած ընդդիմադիր ուժերի հետ։ Մեր կուսակցության հարաբերությունները բոլորի հետ առողջ են, գործընկերային են, ցանկացած պահի, երբ կա անհրաժեշտություն, մենք հանդիպում ենք, զրուցում ենք, քննարկում ենք և որոշումներ ենք կայացնում։ Ես կարծում եմ, իրական ընդդիմադիր ուժերը չեն կարող իրար հետ ունենալ անհաղթահարելի տարաձայնություններ այն հարցի շուրջ, որն ուղղված է լինելու այս իշխանությունների հեռացմանը»։

Նրա խոսքով, առկա են տարաձայնություններ պայքարի տակտիկայի վերաբերյալ, օրինակ, մի թիմը մտածում է, որ ամենաարդյունավետ տարբերակն իմպիչմենտի գործիքի կիրառումն է հենց այս պահին, մյուս թիմը մտածում է, որ այդ գործիքը կարելի է օգտագործել, բայց դրա համար պետք են ինչ-որ նախապայմաններ, գլոբալ առումով հիմնական խնդրի շուրջ տարաձայնություն չկա։

Հնարավո՞ր է տարաձայնություն ունեցող ուժերը միասնական թեկնածու առաջադրեն Արթուր Վանեցյանին։

«Այդ հարցի հասցեատերը ես չեմ, հրավիրեք այն մարդկանց, որոնք լեգիտիմ իրավունք ունեն վարչապետի թեկնածուի առաջադրում կատարել։ Ինձ հետ որոշակի քննարկումներ եղել են, բայց ոչ հստակ օրակարգով։ Ես կրկնում եմ, Արթուր Վանեցյանը չէ, ով ուզում է լինի, եթե որոշում կայացվի, որ այդ անձի շուրջ պետք է լինեն ինչ-որ զարգացումներ, որը բերելու է Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացմանը, այդ անձն ուղղակի չի կարող հրաժարվել պատասխանատվության տակ մտնելուց»,-ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սա դասական քաղաքական պայքար չէ, սա ազգային-ազատագրական պայքար է ընդդեմ ներքին թշնամու. Վանեցյանը՝ 2026 թ. ընտրությունների մասին