Թբիլիսիում կայացել է «Փրայմ Թայմ» մյուզիքլի հայաստանյան ներկայացման հյուրախաղը
Մշակույթ
16:22 02/06/2025
Հայաստան

Թբիլիսիում կայացել է «Փրայմ Թայմ» մյուզիքլի հայաստանյան ներկայացման հյուրախաղը

Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան Ազգային թատրոնի բեմում տեղի է ունեցել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հյուրախաղը։ Թատրոնը հանդիսատեսի դատին ներկայացրել է «Փրայմ Թայմ» միջազգային մյուզիքլը, որը մեծ ընդունելության է արժանացել թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա հանդիսատեսի կողմից։

«Ներկայացումը, անդրադառնալով փառքի, արժեհամակարգի խեղման և սոցիալական արդարության խնդիրներին, ներկայացրել է խորապես հուզիչ ու արդիական թեմաներ։ Պատմության առանցքում հերոսուհի Աննան է՝ մի երիտասարդ կին, ով հայտնվելով փառքի և փողի թելադրած մեխանիզմներում, փորձում է պահպանել ինքնությունը և պայքարում է սեփական ձայնը պահպանելու համար։

Մյուզիքլը շեշտադրում է, որ իրական հաջողությունն ու արժեքները պահանջում են պայքար ու պատասխանատվություն, իսկ յուրաքանչյուր քայլ կարող է շրջադարձային լինել։ Բեմադրությունը աչքի ընկավ երաժշտական և ռեժիսորական բարձր որակով։

Ստեղծագործական թիմը կարողացել էր հիանալի համադրել հուզական լարվածությունն ու դրամատուրգիական զարգացումը՝ ստեղծելով ամբողջական, վառ ու մտածելու տեղիք տվող ներկայացում։ Ներկայացման երաժշտական ձևավորումը, որը կատարվել է պրոֆեսիոնալ երաժիշտների կողմից, ուժեղացրել էր բեմադրական ազդեցությունը՝ ստեղծելով հզոր դրամատիկական տրամադրություն»,- ներկայացման մասին նշել են թատրոնից։

Դերակատարներն էին՝ Թերեզա Մաթևոսյան, Մարիամ Գրիգորյան, Արսեն Գևորգյան, Աննա Մովսեսյան, Ալբերտ Ղազարյան, Գևորգ Դավթյան, Հայկ Մաթևոսյան, Յանա Թևանյան, Հովսեփ Նշանյան, Տիգրան Նահապետյան և Անգելինա Անտարյան։ Ներկայացման բեմադրիչն է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր՝ Հակոբ Ղազանչյանը։

«Թբիլիսյան հանդիսատեսի ջերմ ընդունելությունը, երկարատև ծափահարություններն ու արտիստների ոգևորությունը վկայում են՝ հայաստանյան թատերական արվեստը շարունակում է հաստատուն քայլերով ներկայանալ միջազգային հարթակում՝ փոխանցելով ժամանակակից պատմություններ՝ համամարդկային արժեքներով»,- նշում են Պարոնյանի անվան թատրոնից։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder