Լոռի բերդում շարունակվում են վերականգնման աշխատանքները,
Մշակույթ
16:49 02/06/2025
Հայաստան

Լոռի բերդում շարունակվում են վերականգնման աշխատանքները,

Լոռի բերդում շարունակվում են պարիսպների (արտաքին և ներքին շարեր), եկեղեցու և բաղնիքների նորոգումն ու վերականգնումը: ԿԳՄՍ նախարարության մասնագետները տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների և վերականգնող շինարարների հետ քննարկել են ընթացիկ խնդիրները:

ԿԳՄՍ նախարարարության հաղորդմամբ, Յաղդան գյուղում ուսումնասիրվել է միջնադարյան կամուրջը, որի վիճակը գնահատվել է վթարային: Առաջիկայում նախարարության պատվերով կմշակվեն կամրջի նորոգման, վերականգնման, տարածքի բարեկարգման և լուսավորության գիտանախագծային փաստաթղթերը:

Քոբայրավանքում՝ հյուսիսային հուշարձանախմբում, շարունակվում են «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի» արշավախմբի հնագիտական պեղումները (արշավախմբի ղեկավար՝ Մհեր Խեչոյան): Արդեն պեղվել են մուտքը և պարիսպների մի հատվածը, հայտնաբերվել են եկեղեցու ծածկասալեր, արձանագիր տապանաքար, խեցեղեն բեկորներ, պարիսպների տակ արված թաղումներ և այլն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder