Հայաստանում պահպանվում է հակաաշխատավորական մթնոլորտը․ GLOBAL RIGHTS INDEX 2025 զեկույց
Իրավունք
18:35 03/06/2025
Հայաստան

Հայաստանում պահպանվում է հակաաշխատավորական մթնոլորտը․ GLOBAL RIGHTS INDEX 2025 զեկույց

Հայաստանի պետհիմնարկների արհմիությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հրապարակվել է աշխատանքային իրավունքների GLOBAL RIGHTS INDEX 2025 հեղինակավոր զեկույցը։

Աշխատանքային իրավունքները վերլուծող ամենահամապարփակ տարեկան զեկույցի հեղինակը՝ Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիան նշում է, որ 5 աշխարհամասերից 3-ում ընդհանուր առմամբ տեղի է ունեցել իրավունքների վատթարացում, իսկ աշխարհով մեկ կտրուկ աճել են հիմնարար իրավունքների խախտումները, այդ թվում՝ արդարադատությանը հասանելիության, խոսքի և հավաքների ազատության իրավունքի, կոլեկտիվ բանակցությունների իրավունքի։

Զեկույցը մտահոգիչ է համարում, որ 151 պետություններից միայն 7-ին է շնորհվել իրավունքների պաշտպանության ամենաբարձր՝ 1 գործակիցը։

Հայաստանը, ըստ զեկույցի, մնացել է նույն մակարդակում, ինչ նախորդ երկու տարիներին՝ ստանալով 3 գործակիցը («իրավունքի կանոնավոր խախտումներ»)։ Զեկույցն այս անգամ առանձին անդրադարձել է Հայաստանում գործադուլի իրավունքի աճող խախտումներին, մասնավորապես, հիշատակում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից գործադուլավորների ապօրինի հեռացումն աշխատանքից։ Նշվում է նաև, որ Հայաստանում պահպանվում են հակաաշխատավորական մթնոլորտը և գործատուների իշխանության տակ գտնվող «դեղին արհմիությունների» տարածվածությունը։

Զեկույցը նկարագրում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները որպես «միլիարդատերերի հեղաշրջում»՝ նշելով, որ ավտորիտար և ծայրահեղ աջ պոպուլիստ հայացքներ ունեցող գերհարուստները, որոնք մարդկության փոքրամասնությունն են, կարողանում են զավթել պետություններն ու կառավարել մեծաքանակ մարդկանց՝ վտանգելով արդարությունը, տապալելով ժողովրդավարությունը, ճնշելով աշխատողների շահերը, որոշումներ կայացնելով հասարակ աշխատողների, ծառայողների ու հանրային ծառայությունների մասին։ Առավել ցայտուն օրինակներից է նշվում ԱՄՆ-ի Դոնալդ Տրամպ - Իլոն Մասկ զույգը, Արգենտինայի Խավիեր Միլեյ – Էդուարդո Էռնեկյան զույգը։

Հիշատակվում է նաև, թե ինչպես են ԱՄՆ նոր վարչակարգի օրոք սկսել կոպտորեն խախտվել Տեսլա գործարաններում աշխատողների իրավունքները նույնիսկ այն պետություններում, որտեղ միշտ գոյություն է ունեցել աշխատանքային իրավունքների բարձր մակարդակ։

Ստեղծված իրավիճակի դեմ լուծումը ուժեղ և խոշոր արհմիութենական շարժման մեջ է՝ ասվում է զեկույցում։

Ամբողջական զելույցը հնարավոր է ընթերցել այստեղ»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder