Ստամոքսի և աղիների քաղցկեղ. Ահա թե ինչի կարող է հանգեցնել նիտրատներով հարուստ ձմերուկը
Առողջություն
14:55 03/06/2025
Հայաստան

Ստամոքսի և աղիների քաղցկեղ. Ահա թե ինչի կարող է հանգեցնել նիտրատներով հարուստ ձմերուկը

«Ձմերուկում և այլ պտուղ-բանջարեղենում նիտրատների բարձր պարունակությունը կարող է առողջական խնդիրների պատճառ դառնալ՝ կախված սպառված քանակից, մարդու տարիքից և ընդհանուր առողջական վիճակից»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց սննդագետ, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։

Նա ընդգծեց՝ բացի նիտրատների պարունակությունից, կարևոր է նաև այն,  թե որքան ենք սպառում տվյալ մթերքը։

Հիշեցնենք, որ հունիսի 1-ի դրությամբ արգելվել է 213 տոննա ձմերուկի մուտքը Հայաստան՝ պայմանավորված «նիտրատներ» ցուցանիշով հայտնաբերված անհամապատասխանություններով: Ձմերուկը ներկրվել է հարևան Իրանից։ Մայիսի 26-ից մինչև մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետություն ներմուծված 557 տոննա ձմերուկի խմբաքանակներից նմուշառում է  իրականացվել, արդյունքները հայտնի կլինեն մինչև այս շաբաթվա վերջ։

Սննդագետը փաստեց՝ Հայաստանում ամենաշատ սպառվող մթերքներից մեկը կարտոֆիլն է, որը մենք օգտագործում ենք տարվա բոլոր եղանակներին, բայց օրական սպառումը կազմում է 100-120 գրամ, իսկ ձմերուկն այն մթերքներից է, որ ունի սեզոնային սպառում։

«Ինչու եմ հատկապես նշում այս հանգամանքը, քանի որ նիտրատների ազդեցությունը ևս տարբեր է, կարող է լինեն ինչպես քրոնիկ, այնպես էլ սուր ներգործություններ, իսկ ձմերուկն այս տեսանկյունից ամենախնդրահարույց մթերքներից է, քանի որ մեր հետազոտությունների համաձայն մարդիկ շատ մեծ չափաբաժիններով են օգտագործում»,-ասաց ԳԱԱ «էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոն»-ի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավարը։

Ներկայացնելով հնարավոր վտանգները՝ սննդագետը նշեց, նիտրիտները կարող են փոխազդել սպիտակուցային միացությունների հետ՝ առաջացնելով նիտրոզամիններ, որոնք համարվում են քաղցկեղածին։ Այս միացությունները կարող են նպաստել ստամոքսի և աղիների քաղցկեղի զարգացմանը։

«Երկարաժամկետ բարձր նիտրատների ընդունումը կարող է հանգեցնել արյան ճնշման անկայունության և սրտանոթային համակարգի խնդիրների։ Նիտրատները կարող են վերափոխվել նիտրիտների, որոնք օքսիդացնում են հեմոգլոբինը՝ ձևավորելով մեթհեմոգլոբին, որը անկարող է թթվածին կապել։ Սա հատկապես վտանգավոր է նորածինների և փոքր երեխաների համար, քանի որ նրանց մարսողական համակարգը ավելի զգայուն է։ Ախտանշանները ներառում են կապտավուն մաշկ, շնչառական դժվարություն և թուլություն»,-նշեց սննդագետը։

Պիպոյանը ևս մեկ անգամ ընդգծեց՝ ձմերուկի սպառման արդյունքում նիտրատների ռիսկը հասկանալու համար պետք է իմանալ նաև պարունակությունը որքան է գերազանցել թույլատրելի շեմը։

«Մենք դեպքեր ենք ունեցել, երբ մարդիկ սեզոնին մեկ օրվա ընթացքում մեկ կիլոգրամ ձմերուկ են սպառում»,-ասաց գիտնականը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ստամոքսի և աղիների քաղցկեղ. Ահա թե ինչի կարող է հանգեցնել նիտրատներով հարուստ ձմերուկը