Առաջիկայում լիազոր մարմնին կամրացվի Սամվել Մայրապետյանին պատկանող Ծաղկաձորի 1 մլն դոլար արժեքով հողամասը. Աննա Վարդապետյան
Իրավունք
13:25 05/06/2025
Հայաստան

Առաջիկայում լիազոր մարմնին կամրացվի Սամվել Մայրապետյանին պատկանող Ծաղկաձորի 1 մլն դոլար արժեքով հողամասը. Աննա Վարդապետյան

 «Նախկին ղեկավարը Օրգով համայնքի 2005 թվականի ապրիլի 25-ի աճուրդով 4 հա մակերեսով հողամասն օտարել էր իր որդուն, ավելին՝ հողամասը տարիներ շարունակ չի օգտագործվել իր նպատակային նշանակությամբ»,-կառավարության նիստում հայտնեց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ներկայացնելով զեկուցվող օրակարգային երեք հարցերից երկրորդը:

Նրա խոսքով՝ կառավարության որոշումը համայնքային շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում Դատախազության կողմից ներկայացված հայցի բավարարման արդյունք է, որով նախատեսվում է Աշտարակ համայնքի Օրգով բնակավայրում գտնվող 4 հա մակերեսով հողամասը, որի շուկայակական կադաստրային մոտարկված արժեքը կազմում է շուրջ 31.7 մլն դրամ, ամրացնել ԿԳՄՍՆ-ին: 

Վարդապետյանի խոսքով՝ Օրգով գյուղում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը հանդիսանում է հատուկ պահպանվող տարածքների, իսկ գործառնական նշանակությունը՝ պատմական և մշակութային, որը, համաձայն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով չփոխանցվող հողամաս է և քանի որ Պետական գույքի կառավարման կոմիտեի գործողությունը չի տարածվում նշված հողամասերի վրա, այն ամրացվեց ԿԳՄՍ-ին։  

Աննա Վարդապետյանը ներկայացրեց նաև նմանատիպ այլ որոշումների՝ հիշեցնելով, որ մեկ շաբաթ առաջ ՇՄՆ-ին է ամրացվել անտառային նշանակության 2 հողատարածք, որոնք գտնվում են մայրաքաղաքի հեռուստաաշխատարակին հարող տարածքում և նրանց ընդհանուր արժեքը 1.5 մլն դոլար է:

«Նշեմ, որ 2005 թվականի մայիսի 2-ին և 2005 թվականի հունիսի 30-ին կնքվել են առուվաճառքի պայմանագրեր Երևանի նախկին քաղաքապետի և ֆիզիկական անձանց միջև: Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է պետական շահերի պաշտպանության երկու հայցերը և անվավեր է ճանաչել առուվաճառքի պայմանագրերը ու կիրառել անվավերության հետևանքները: Այդ գույքերը անցյալ շաբաթ ամրացվել են ՇՄՆ-ին»,-հավելեց Վարդապետյանը։

 Նա վստահեցրեց, որ առաջիկայում Կառավարության նիստով կներկայացվի և լիազոր մարմնին կամրացվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Մհեր Մկրտչյան փողոցի 30/1 հասցեում գտնվող՝ շուրջ 1 մլն դոլար շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 2.3 հա մակերեսով հողամասը, քանի որ 2024 թվականի հունվարի 12-ի վճռով Հակակոռուպցոիոն դատարանը բավարարել էր Գլխավոր դատախազության հայցն ընդդեմ Սամվել Մայրապետյանի, և հայցով մենք պահանջել էինք անվավեր ճանաչել առուվաճառքի պայմանագիրը, աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ:

Անդրադառնալով վերջին 2 ամիսների ընթացքում մի շարք համայնքներում համայնքային շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում վերադարձված գույքերին՝ դատախազն ասաց, որ Իջևան և Դիլիջան համայնքներին վերադարձվել են մանկապարտեզների տարածքներ՝ Իջևան համայնքի Խաշթառակ բնակավայրին սեփականության իրավունքով պատկանող՝ 9-րդ փողոց 11 հասցեում գտնվող 198.45 քմ մակերեսով համայնքի մանկապարտեզի և Դիլիջան համայնքի Շահումյան փողոցի 34 հասցեում գտնվող՝ 891.1 քմ մակերսով մանկապարտեզի մասնաշենքին՝ նշեց, որ վերջինս արժե մոտավորապես 85 մլն 935 հազար դրամ:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder