Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հորդորելու փոխարեն ապահովե՛ք ղեկին միայն առողջ վարորդների ներկայությունը․ Ծաղիկ Վարդանյան
Բժիշկ, առողջապահության կազմակերպիչ Ծաղիկ Վարդանյանը գրում է․
«Հորդորելու փոխարեն ապահովե՛ք ղեկին միայն առողջ վարորդների ներկայությունը
Հայաստանում 2024 թվականին ըստ ՆԳ նախարարության արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ-ների) 4315 դեպք, որոնց ժամանակ արձանագրվել է 333 զոհ, 6116 վիրավոր: ՀՀ-ում գրանցված է շուրջ 964 հազար տրանսպորտային միջոց:
Ըստ ԱՀԿ-ի ՀՀ-ում ՃՏՊ-ի պատճառով զոհվածների թիվը 100 000 բնակչի հաշվով վերջին տարիներին տատանվում է 13,6-17,5 միջակայքում, եվրոպական տարածաշրջանային միջին ցուցանիշը ՝ 6,7 է:
Հասկանալի է, որ միայն պարեկային ծառյության ներդրումով, տարաբնույթ օրենսդրական խստացումներով, ճանապարհների կահավորումով հնարավոր չէ ՃՏՊ-ի թվի իրական նվազում ապահովել: Մեզանում 6-7%-ի տիրույթում ՃՏՊ-ների ցուցանիշներին վազումը համարում են «բարելավվում»: Այս ամենին էլ եթե հավելենք, որ ներկայացրած թվերը, ցուցանիշները հանդիսանում են պաշտոնական տեղեկատվություն և հենց պատկան մարմինների կողմից է այն հավաքագրվում և մշակվում, ամեն ինչ ավելի քան պարզ է դառնում:
Հիմա անդրադառնանք ղեկին նստած անձանց առողջական վիճակին: Արդյո՞ք վթարների գենեզում ընկած չէ նաև վարորդների առողջական խնդիրները, արդյո՞ք «առողջ վարորդ»-ը ճանապարհային անվտանգության բաղադրիչ չէ: :
Կարծում եմ շատերն են դեռ հիշում, որ տարիներ առաջ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար բժշկական զննությունը պարտադիր էր բոլորի համար:
Փոխվել է, հիմա կարգավորումները այլ են: Բոլոր թեկնածուները չէ, որ պարտավոր են անցնել բժշկական զննություն:
Արձանագրենք, որ Հայաստանում գործող մոդելը ընդօրինակած է «Համընդհանուր Եվրոպական Մոդելից», որի հիման վրա առանձին եվրոպական պետություններ հաստատել են իրենց ճանապարհատրանսպորտային ընթացակարգերը:
ՀՀ-ում նույպես ներդրվել է այդ մոդելը, ցավոք, առանց տեղայնացնելու: Հաշվի չի առնվել ազգային մակարդակում առողջապահական համակարգի կառուցվածքային առանձնահատկությունները, թվայնացման մակարդակը, ԱԱՊ-ը օղակի կարողությունները և այլն:
Ինչպե՞ս է ՀՀ-ում որոշվում վարորդների պիտանելությունը առողջական մասով
Վարորդի թեկնածուները վարորդական իրավունքի վկայական ստանալու համար ՆԳ նախարարությունում լրացնում է առողջական վիճակի վերաբերյալ հայտարարագիր, որտեղ «պարտավոր» են կատարել նշումներ տրանսպորտային միջոց շահագործելու համար խոչընդոտ հանդիսացող իրենց հիվանդության (վիճակի) մասին:
ՆԳ աշխատակիցները իրականացնում են վարորդի թեկնածուների «արտաքին զննում» և ակնհայտ երևացող տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկի մեջ ներառված վիճակի հայտնաբերման դեպքում ֆիքսում այն:
էլեկտրոնային եղանակով միասնական վեբսերվերի միջոցով` անձի համաձայնությամբ հարցում է իրականացվում կոնկրետ անձի կողմից տրանսպորտային միջոց շահագործելու համար հակացուցում հանդիսացող հիվանդության (վիճակի) վերաբերյալ, (վերաբերվում է հոգեկան, թմրաբանական ծառայությանը):
Եվ եթե ոստիկանության աշխատակիցը «գտել է» խնդիրներ կամ օրինապահ վարորդի թեկնածուն անձամբ է հայտարարգրել իր հիվանդությունը, ապա անձը ուղեգրվում է ԱԱՊ օղակ ընտանեկան բժշկի կամ թերապևտի մոտ բժշկական զննության:
Ի՞նչ է կատարվում առողջապահական համակարգում
Ակնհայտ է, որ տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկում ամրագրված ախտորաշումները և/կամ վիճակները խիստ նեղ մասնագիտական բնույթ ունեն և ԱԱՊ օղակի բժիշկները պարտավոր են ուղեգրել նեղ մասնագիտական խորհրդատվության:
ԿԱԵՎՈՐԸ
Հայրենի առողջապահության նախարարությունը շրջաբերական է իջեցնում համակարգ՝ ԱԱՊ կազմակերպություններին, որով հրահանգում է, որ ԱԱՊ-ն նեղ մասնագետներին ուղեգրել «անհրաժեշտության դեպքում» (մգացնելով գրվածը), իսկ հոգեբուժական և թմրաբանական դիսպանսեր ուղեգելը ընդհանրապես արգելել են և հրահանգել բավարարվել էլեկտրոնային հարցումով:
ՀՀ առողջապահության նախարարություն, որևէ բժշկական բացթողման կամ սխալ ախտորոշման դեպքում պատասխանատվություն ո՞վ է կրելու, դուք ձեր շրջաբերականնեով, թե բժիշկը:
Որևէ մեկը իրավասու չէ՛ բժշկին պարտադրել բուժզննման ծավալ, ավելին, այսօր բազմաթիվ մարդիկ հոգեկան, սրտային,թոքային և այլ հիվանդությունների համար բուժվում են «բոլորի աչքից հեռու» և որևէ համակարգում որպես հիվանդ ամրագրված չեն: Հակառակ իրավիճակն էլ կա, երբ օրինակ «F32 Դեպրեսիվ էպիզոդ» եզակի էպիզոդով քաղաքացին մեկ անգամ հոսպիտալիզացվել է կամ ամբուլատոր բուժում է ստացել և հայտնվել է հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդների շարքում: Բազմաթիվ իրավիճակներ կարող եմ ներկայացնել, երբ տվյալ վարորդի թեկնածուի զննումը իրատեսական կասկածներ կառաջացնի թերապևտի մոտ և նա անպայման կուղեգրի նեղ մասնագետի խորհրդատվության: Այս հարցում բժիշկներին ուղղորդել, հրահանգել պետք չէ, ղեկին պետք է նստի իրական առողջ անձը:
Նիկոլ Փաշինյան, հանձնարարե՛ք վարորդի թեկնածուները վարորդական իրավունքի վկայական ստանալու համար բուժզննման կարգավորումները վերանայեն՝ համապատասխանացնեն ներկա մեր առողջապահական համակարգի կարողություններին:
Գուցե՞ վերադառնաք պարտադիր բոլոր թեկնածուների բուժզննման մոդելին:
Հ.Գ ՀՀ առողջապահության նախարարության կառավարիչներ, մի կողմից հրապարակային հորդորում եք քաղաքացիներին զգուշություն պահպանել ճանապարհային երթևեկության ժամանակ, մյուս կողմից՝ տեղից էլ բժշկական սակավաթիվ զննումները համարել եք գործընթացի «անհարկի բարդացում» և հրահանգում եք բժիշկներին հնարավորինս թեթև բուժզննում կատարել:
Հիմա դա երկակաի ստանդարտ է, թե՞ պարզապես անտեղյակություն:
Իհարկե՛, մարդկային առումով չկա դատապարտելի որևէ բան ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման համար քաղաքացիներին հորդորելու և խնդելու մեջ, բայց կարևորը՝ վարորդների առողջական վիճակի իրական գնահատականի ապահովումը, բաց եք թողել և էլի փիառ ծրագիր եք իրականացնում:
Լավ չի»: