Հայաստանում արդեն առկա են բոլոր հնարավորությունները փոխպատվաստումներ սկսել նաև դիшկային դոնորից. ԱՆ
Առողջություն
15:20 07/06/2025
Հայաստան

Հայաստանում արդեն առկա են բոլոր հնարավորությունները փոխպատվաստումներ սկսել նաև դիшկային դոնորից. ԱՆ

Հայաստանում բավականին բարեհաջող իրականացվում է կենդանի դոնորից փոխպատվաստումը, մասնավորապես` երիկամի, լյարդի և ոսկրածուծի ցողունային բջիջների: Այս մասին հայտարարվել է  լրագրողների համար երկօրյա աշխատաժողով` իրազեկելու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտում մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր մանրամասները, որը կազմակերպել  է առողջապահության նախարարությունը Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությամբ։

ԱՆ հաղորդմամբ, 2022 թվականին Հայաստանում կատարվել է երիկամի 16, լյարդի 2, ոսկրածուծի ցողունային բջիջների 27 փոխպատվաստում: 2023 թվականին իրականացվել է երիկամի 20, լյարդի 5 և ցողունային բջիջների 43 փոխպատվաստում: 2024 թվականին երիկամի 22, լյարդի 4 և ոսկրածուծի 57 փոխպատվաստում է իրականացվել: Իսկ 2025 թվականի մայիսի 21-ի տվյալներով` երիկամի 8, ոսկրածուծի ցողունային բջիջների 23 փոխպատվաստում է կատարվել:

Նշվում է, որ Հայաստանում արդեն առկա են բոլոր հնարավորությունները փոխպատվաստումներ սկսել նաև դիակային դոնորից, մասնավորապես` աչքի եղջերաթաղանթի:

Կարևորելով դիակային դոնորությամբ կյանքեր փրկելն ու կյանքի որակի բարելավումը` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է. «Սա կյանք փրկող, բայց շատ զգայուն թեմա է, և այս ծրագրի հաջողությունը խիստ կախված է հասարակության ճիշտ ընկալումից: Պետք է հասարակությունը նախ իրազեկ լինի, այս թեմայով ստանա բացառապես ճշգրիտ ինֆորմացիա` զերծ բոլոր միֆերից, ինչի արդյունքում էլ հաստատ մշակույթի փոփոխություն տեղի կունենա»:

Դիակային դոնորությամբ կյանքեր փրկելու, ինչպես նաև առողջապահական ոլորտի զարգացման կարևորության մասին խոսել են ԱՆ խորհրդատուներն ու համապատասխան մասնագետները:

Ակնաբուժության գծով ԱՆ խորհրդատու Արտաշես Զիլֆյանը ներկայացրել է եղջերաթաղանթի դիակային փոխպատվաստումը Հայաստանում իրականություն դարձնելու անհրաժեշտությունը` նշելով հատկապես տեսողությունը կորցնելու վտանգի առաջ կանգնած երեխաների, պատերազմում վիրավորում ստացած և իրենց աչքի լույսին սպասող բազմաթիվ երիտասարդների մասին:

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder