Հարություն Խաչատրյանի 10 ֆիլմերը կցուցադրվեն «Պոմպիդու կենտրոն»-ում
Մշակույթ
14:23 07/06/2025
Հայաստան

Հարություն Խաչատրյանի 10 ֆիլմերը կցուցադրվեն «Պոմպիդու կենտրոն»-ում

Շուրջ երկու ամիս՝ 2025-ի հոկտեմբերի 9-ից նոյեմբերի 30-ը, կինոռեժիսոր, վավերագրող Հարություն Խաչատրյանի տասը՝ «Կոնդ», «Սպիտակ քաղաք», «Վերադարձ ավետյաց երկիր», «Վերջին կայարանը», «Վավերագրողը», «Պոետի վերադարձը», «Սահման», «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», «Փակուղի», «Նկարչի երեք գերեզմանները» ֆիլմերը կցուցադրվեն «Պոմպիդու կենտրոն»-ի La Cinémathèque du documentaire par la Bpi ծրագրի շրջանակներում, ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրությունների համատեքստում։

Ֆիլմերի ցուցադրությունը կայանալու է Փարիզի Mk2 Bibliothèque cinema-ում, հաշվի առնելով, որ «Պոմպիդու կենտրոնը» փակ է լինելու նորացման համար։

«Սա աննախադեպ է, նկատի առնելով, որ «Պոմպիդու կենտրոնն» իր նախագծում ընդգրկում է հայ կինոռեժիսորի տասը ֆիլմ միանգամից և յուրաքանչյուր ֆիլմի համար նախատեսում է 3 ցուցադրություն։

Հայկական կինոյի 30 ցուցադրություն Փարիզի հանդիսատեսի համար, Հետահայաց ցուցադրության բացման երեկո, որին նախատեսվում է Հարություն Խաչատչյանի  ելույթը, ֆիլմերի 3 քննարկում կինոռեժիսորի մասնակցությամբ և Հարություն Խաչատչյանի Վարպետաց դասը։

Սա հարգանքի յուրահատուկ տուրք է իր յոթանասունամյա հոբելյանի շեմն անցած ռեժիսորին և հայկական կինոյին։

Հսկայական այն աշխատանքը, որ «Պոմպիդու կենտրոնի» հրավերից հետո ամիսներ շարունակ իրականացվեց այս մեծածավալ նախագիծն իրականացնելու, համաշխարհային արվեստի խոշորագույն կենտրոնի հովանու ներքո Հայաստանն ու հայկական կինոն հավուր պատշաճի ներկայացնելու համար, հասավ իր եզրագծին։

Անշուշտ, դեռ մեծ ծավալի աշխատանք կա իրականացնելու մինչև հոկտեմբեր, բայց փաստը, որ հայկական կինոն՝ ի դեմս Հարություն Խաչատչյան կինոռեժիսորի կինոյի, նախադեպը չունեցող ծավալով ու ձևաչափով աշնանը ներկայանալու է Ֆրանսիայի մայրաքաղաքում, այլևս փաստ է»,- նշում են Հայաստանի Կինոգործիչների միությունից։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder