Մոսկվայի դատարանը կալանավորել է հայ ձեռնարկատիրոջը, որին ավելի վաղ առևանգել էին
Իրավունք
13:53 07/06/2025
Աշխարհ

Մոսկվայի դատարանը կալանավորել է հայ ձեռնարկատիրոջը, որին ավելի վաղ առևանգել էին

Դատարանը կալանավորել է Արեգ Շչեպիխինին, որն օրեր առաջ առևանգվել էր Մոսկվայի Յարոսլավսկի երկաթուղային կայարանում։

«Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը հիմնավորել է, որ բլոգեր Արեգ Շչեպիխինն ատելություն է հրահրում, ծայրահեղականության կոչեր անում։

«Մոսկվայի Զամոսկվորեցկի շրջանային դատարանի որոշմամբ բավարարվել է ներկայացուցչական քննչական մարմինների միջնորդությունը՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 280-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով նախատեսված հանցագործություններ կատարելու մեջ մեղադրվող Արեգ Սամվելի Շչեպիխինի համար խափանման միջոց ընտրելու վերաբերյալ՝ կալանքի տեսքով, 2 ամիս ժամկետով», - նշել են դատարանում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն, Շչեպիխինի դեմ գործ է հարուցվել Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 280-րդ հոդվածի 2-րդ մասի (Ինտերնետում ծայրահեղականության կոչեր) և Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի (բռնության սպառնալիքով ատելության հրահրում) հատկանիշներով։

Առաջին հոդվածով նախատեսված է պատիժ մինչև 5 տարի ազատազրկում, երկրորդով՝ մինչև 6 տարի։ Նիստը փակ էր։ Դատարանի մամուլի ծառայության կողմից տարածված  լուսանկարներում, տեսանյութերում Շչեպիխինի  աչքերի տակ կապտուկներ են եղել։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder