Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Կառավարությունն աղետի հետեւանքները վերացնելուն ուղղված ոչ մի ծրագիր լիարժեք ավարտին չի հասցրել․ Ճուղուրյան
Մեկ տարի առաջ այս օրերին Ալավերդի համայնքի բնակիչները դիմակայում էին ջրհեղեղի հասցրած մարտահրավերին։ Սակայն, ինչպես Panorama.am-ի հետ զրույցում նշեց Ալավերդի համայնքի բնակիչ, լրագրող Տաթևիկ Ճուղուրյանը, աղետի հետքը դեռ թարմ է քաղաքում, բան չի փոխվել։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․
Panorama.am -Ինչպիսի՞ն էր Ալավերդի համայնքը ջրհեղեղից առաջ և հիմա։
Տ․ Ճուղուրյան- Ջրհեղեղից առաջ Ալավերդին «տխուր» քաղաք էր՝ պայմանավորված գործազրկության բարձր մակարդակով, համայնքում եղած բազմաթիվ խնդիրներով։ Ջրհեղեղից հետո այդ խնդիրները բազմապատկվեցին։ Հսկայական վնասներ կրեց ոչ միայն քաղաքը, այլեւ մարդիկ՝ կորցնելով իրենց ունեցվածքը՝ տուն, այգի, մեքենա եւ այլն։
Panorama.am -Որքանո՞վ են վերականգնվել վնասված հատվածքները։
Տ․ Ճուղուրյան -Ջրհեղեղից մեկ տարի անց շատ բան չի փոխվել։ Աղետի հետքը դեռ թարմ է քաղաքում։ Կատարված աշխատանքը հիմնականում ենթակառուցվածքների վերականգնումն է եղել, առանց որի մարդկանց կենցաղը, տեղաշարժը պարզապես անհնարին կլիներ։ Կոյուղագծեր, գազատար խողովակներ, հոսանքալարեր էին վնասվել, դրանք են վերականգնվել, նոր կամուրջներ են կառուցվել, գետի հունն է մաքրվել, հիմա էլ դեռ որոշ հատվածներում գործ են անում։ Քաղաքի ներսում փլուզված ճանապարհները հողային լիցքի միջոցով մասամբ վերականգնվել են, բայց հենապատեր չկան, ինչը վտանգավոր է թե՛ մեքենաների եւ թե՛ հետիոտնի համար։ Սանահինի պատմական կամրջից դեպի քաղաքի ծայրամասի երկու թաղամասեր տանող ճանապարհը խիստ անբարեկարգ վիճակում է և շատ վտանգավոր։
Panorama.am -Ինչպիսի՞ խնդիրների են բախվում այսօր բնակիչները և որքանո՞վ է համաչափ եղել փոխհատուցումը։
Տ․ Ճուղուրյան -Ջրհեղեղից տուժած բնակիչների մեծ մասը պետության կողմից տրված աջակցության գումարով նորոգել են իրենց բնակարանները եւ արդեն ապրում են այնտեղ։ Չնայած՝ փոխհատուցումների հետ կապված մարդիկ տարբեր կարծիքներ ունեն։ Ոմանք գոհ են, ոմանք էլ սեփական միջոցներից մեծ գումար են ծախսել եւ փոխհատուցման գումարի չափն, այսպես ասած, իրենց սրտով չէ։ Ամբողջովին տունը կորցրած քաղաքացիները դեռ սպասում են բնակարանների գնման իրենց վկայագրին։ Այդ մարդիկ մինչև հիմա վարձով են ապրում, եւ խնդիրն այն է, որ պետությունը այդ վարձավճարն արդեն կես տարուց ավելի է՝ չի փոխհատուցում։ Ընտանիք կա, որ ստիպված վերադարձել է իր փլված բնակարան եւ մի կերպ գոյատեւում է այնտեղ, որովհետեւ նպաստառու, թոշակառու մարդիկ են եւ պարզապես ի վիճակի չեն վարձով ապրելու։ Մինչեւ որ բնակարանի գնման վկայագիրը ստանան։
Փոխհատուցման անհամաչափությունից, անարդարացիությունից դժգոհ են հիմնականում այգետերերը, մեքենա կորցրածները, ձեռնարկատերերը, որովհետեւ կամ շատ քիչ գումար են ստացել որպես վնասի փոխհատուցում, կամ էլ՝ չեն ստացել։
Ջրհեղեղից առավել տուժած Թումանյան եւ Սանահին կայարան թաղամասերում մարդիկ դժգոհում են փոշուց, բակերի անմխիթար վիճակից։ Իսկ Սանահին կայարանում անձրեւային եղանակին որոշ հատվածներ կրկին ջրով են լցվում, որովհետեւ շենքերի բակերը չեն ասֆալտապատվել։
Եթե հաշվի առնենք, որ Քարկոփ, Ախթալա բնակավայրերի (սրանք երկուսն էլ Ալավերդի համայնքի կազմում են) եւ Ալավերդու Սանահին կայարան թաղամասի կամուրջները նվեր են աղետից տուժած հայ ժողովրդին՝ Իրանի եւ Հունաստանի կառավարությունների կողմից, ապա մեծ հաշվով մեր կառավարությունը այս մեկ տարվա ընթացքում աղետի հետեւանքները վերացնելուն ուղղված ոչ մի ծրագիր լիարժեք ավարտին չի հասցրել։ Որոշ մարդիկ դեռ անտուն են, ենթակառուցվածքները մինչեւ վերջ վերականգնված չեն։ Եվ բացառված չէ, որ գետի վարարման դեպքում այդ հողային զանգվածները կրկին չեն փլուզվի։
Իսկ Ալավերդիում այս պահին էլ հորդառատ անձրեւ է։
Լուսանկարում՝ Տաթևիկ Ճուղուրյան
