Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հրապարակվել է «Հիշեցում ծնողներին» պաստառը՝ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակարության մասին. Լիանա Ղահրամանյան
«Ցանկանում եմ հորդորել մեր ազգաբնակչությանը, որպեսզի օրվա շոգ ժամերին՝11։00-ից 17։00-ն, չգտնվեն արևի ուղիղ ճառագայթների ներքո»,-Արմենպրեսի մամուլի սրահում հայտնեց Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանը։
Նա փաստեց, որ արևի ուլտրամանուշակագույն ճառաքայթները վնասակար են ազդում մաշկի և օրգանիզմի վրա, ընդհուպ՝ քաղցկեղի որոշակի տեսակներ։
Գրիգորյանը քաղաքացիներին խորհուրդ տվեց հագնվել այնպես, որ արևից պաշտպանեն մարմինը և շատ հեղուկ օգտագործեն,իսկ ռիսկի խմբերն են երեխաները, տարեցները և հղիները, վերջիններիս ընդհանրապես է արգելվում գտնվել արևի տակ։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հելիոերկրաֆիզիկայի և ռադիոլոգիայի բաժնի պետ Անահիտ Ասատրյանը հայտնեց, որ ամենօրյա ռեժիմով կատարում են հաշվարկներ և ՊՈԱԿ-ի կայքում և Օզոնի ազգային կենտրոնի կայքերում հրապարակում ինդեքս, թե հանրապետության որ մարզում այդ օրը ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը վտանգավորության որ սանդղակի վրա է գտնվում՝լավը 4 ինդեքսն է, իսկ 7-10-ը՝ վտանգավոր։
Ասատրյանը նշեց, որ նախորդ տարի արձանագրվել է վտանգավոր 7 ինդեքսը, այս տարի դեռ 6-ն է։
«ՇՄՆ-ի և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում պատրաստվել են տեղեկատվական պաստառներ՝ «Հիշեցում ծնողներին» վերնագրով»,- ասաց ՇՄՆ իրավախորհրդատու, «Օզոնային շերտի պահպանության մասին» Վիեննայի կոնվենցիայի և «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության ազգային համակարգող Լիանա Ղահրամանյանը։
Ղահրամանյանն ասաց, որ պաստառներում այն տեղեկատվությունն է, որին ծնողները պետք է տիրապետեն։
«Ամենակարևորն այն է, որ այն պատրաստվել է ՇՄՆ-ի և Առողջապահության նախարարության հետ միասին և պարունակում է տեղեկություն ուլտրամանուշակագույն ճառագայտների վնասակարության և նրանից պաշտպանվելու կարևորության մասին»,-ասաց Ղահրամանյանը՝ հայտնելով, որ պաստառում կա նաև ճառագայթների ինդեքսի աղյուսակը։
Մոնրեալի արձանագրության ազգային համակարգողը նաև տեղեկացրեց, որ պաստառում հիշեցվում է օզոնային շերտի մասին, որը Երկիր մոլորակը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթներից։
«Պաստառի վրա կա նաև QR կոդ, որով անցնելիս ծնողները կարող են ծանոթանալ տվյալ օրվա ուլտրամանուշակագույն ճառագայթների ինտենսիվության աստիճանին»,-հայտնեց Ղահրամանյանը։
Նրա խոսքով՝ պաստառները նախատեսված են ՀՀ տարածքի նախակրթական բոլոր հաստատությունների և պոլիկլինիկաների համար։
Լիանա Ղահրամանյանը հայտնեց, որ նաև տեղեկատվական պիտակներ են պատրաստվել՝ պետական-մասնավոր (մանկական հագուստ արտադորղներ) համագործակցության շնորհիվ և դրանք պետք է ամրացվեն արտադրվող հագուստների վրա, կարչևոր տեղեկատվությունը ծնողներին հասցնելու համար։