Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Գոյ» թատրոնի փակման մեղավորներն են Վարդան Մկրտչյանը և Արա Խզմալյանը, բայց չեն մարսելու. Սարգիս Արզումանյան
«Հունիսի 6-ին ՀՀ վարչական դատարանը հրապարակեց վճիռը «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» թատրոնի գործով։ Թատրոնի դերասաններն ու աշխատակազմը վիճարկել էին «Գոյ» թատրոնի և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի միացման գործընթացը, պահանջել անվավեր ճանաչել վերակազմակերպման պետական գրանցումը։ Դատարանը եզրակացրել է, որ հայցվորների իրավունքները կամ օրինական շահերը չեն խախտվել, հետևաբար չունեն իրավական շահագրգռվածություն այս գործընթացը վիճարկելու համար։
Panorama.am-ի հետ զրույցում «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ Սարգիս Արզումանյանը նախ իր զարմանքը հայտնեց դատարանի որոշման վերաբերյալ, որ իրենք՝ դերասանները, շահագրգիռ կողմ չեն. «Թե ինչպես պետք է դատարանը հասկանար՝ մենք շահագրգիռ կողմ ենք, թե ոչ։
Այստեղ հետաքրքիր նրբություն կա՝ եթե դատարանի համար մենք շահագրգիռ կողմ չէինք, օրենքով չպետք է գործը վարույթ վերցներ։ Օրենք է խախտել, վարույթ է վերցրել ու վերջում ասում է՝ շահագրգիռ կողմ չենք, որպես աշխատակիցներ մեր իրավունքները չեն խախտվել։ Մեկնաբանելու կարքի էլ չկա, որովհետև բոլորի համար փաստ է՝ ո՞ւմ իրավունքներն են խախտվել։ Գոնե աշխատողների իրավունքները խախտվել են, երկու կարծիք լինել չի կարող»։
Ս. Արզումանյանն ասաց, որ դատարանի որոշումը բողոքարկելու են՝ վերաքննիչ դատարան, վճռաբեկ, եթե արդյունքի չհասնեն՝ կդիմեն Եվրադատարան։
«Պետռեգիստրում գրանցումը մի շարք կեղծիքներով է կատարվել՝ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի ստորագրությունը, ով երկրում չի եղել, մեր երկու աշխատակիցներ չեն ստորագրել, բաց է մնացել։ Նման կեղծիքներով մարդիկ գրանցում էին արել, դա նորմալ է, իսկ դատարանը որոշում է՝ մեր իրավունքները չեն խախտվել։ Հասկանում եք՝ ինչ պետությունում ենք մենք ապրում»,- ասաց «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահը։
Նա ընդգծեց, որ դատարանի այս որոշմամբ չի փակվում «Գոյ» թատրոնի հարցը։
«Մենք վիճարկել ենք նաև կառավարության 701-Ն որոշումը, դատարանը դեռ նիստ չի նշանակել»,- տեղեկացրեց Արզումանյանը։
Նշենք, որ կառավարության 701-Ն որոշումը վերաբերում է «Գոյ» թատրոնի վերամիավորմանը Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ։
«Գործը փակված չէ, ոչ մի բան դեռ վերջացած չէ։ Պայքարը շարունակվում է, աշխատում ենք վերականգնել մեր ստեղծագործելու իրավունքը, ինչքան էլ ասեն, որ մեր իրավունքները չեն խախտվել։
Չենք հանձնվելու, այլապես իրենք կհասկանան, որ իրենք ինչ անում են, ճիշտ են անում։ Մենք պետք է ստիպենք իրենց ու ասենք, որ ամեն դեպքում սխալ բան եք անում»,- ասաց Ս.Արզումանյանը։
Նա նշեց, որ ինքը «Գոյ» թատրոնի միացման գործընթացը կապում է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի, նաև այդ ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանի հետ։
«Հանգամանքները, մի քանի հոգու շահերը համընկել են, բայց գլխավոր մեղավորներն իրենք են, ավելի կոնկրետ՝ գլխավոր մեղավորը Վարդան Մկրտչյանն է։ Նա իր խորամանկությամբ նախարարությանն ինչ է համոզել, հետո նախարարությունը կառավարությանն ինչ է ասել, շահերի համընկնում է եղել այն մասով, որ մենք այս իշխանությանն այնքան էլ համակիրներ չենք։ Այս մասով էլ Մկրտչյանը կարող էր ինչ-որ բաներ ասած լիներ վերնախավին, որ մեզ մի րոպե շուտ հեռացնեն թատրոնից»,- ասաց բեմադրիչը։
Նա համոզված է, որ Վարդան Մկրտչյանին «Գոյ» թատրոնի տարածքն էր պետք։

Վարդան Մկրտչյան
«Ասում էին «Գոյ» թատրոնը չի փակվելու, իր անունով մնալու է։ Լավ, մենք ապաշնորհ դերասաններ, ռեժիսորներ էինք, դուրս էինք եկել։ Բա ինչո՞ւ է փակ, մինչ օրս ինչո՞ւ չի աշխատում «Գոյ» թատրոնը։ Մենք դուրս ենք եկել, թող թատրոնն իր անվամբ, այլ դերասանական կազմով աշխատեր։ Փակ է այսօրվա դրությամբ։ Ապացուցվեց այն, ինչ մենք ասում էին՝ «Գոյ» թատրոնը փակվում է, իրենք ասում էին՝ չի փակվում։ Փաստացի, «Գոյ» թատրոնն այսօր փակ է։ Հանրությանը մոլորեցնելն իրենց համար նոր գործիք չէ։ Փորձեցին, արացին, բայց դեռ չեն մարսել ու չեն մարսելու»,- ասաց նա։
Ս. Արզումանյանը նշեց, որ «Գոյ» թատրոնի ոչ մի աշխատակից, դերասան, չի գնացել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն աշխատելու։

Սարգիս Արզումանյանը և փաստաբան Կարո Ասատրյան
Լուսանկարները՝ արխիվից։