Ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդակ չի եղել. Մարիա Զախարովա
Քաղաքական
16:05 11/06/2025
Աշխարհ

Ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդակ չի եղել. Մարիա Զախարովա

Ռուսական կողմը ակնկալում է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կհասկանան Ռուսաստանի մտահոգությունները Հարավային Կովկասի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գործունեության վերաբերյալ: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Մենք բազմիցս ասել ենք, որ ՆԱՏՕ-ն ոչ մի լավ բան չի բերում Հարավային Կովկասի անվտանգությանը: Ընդհակառակը, արևմտյան երկրների գլխավոր նպատակը, ինչպես մենք լավ հասկանում ենք, տարածաշրջանը անկայունացնելն է, մեզ միմյանց դեմ հանելը և լարվածության նոր օջախներ ստեղծելը: Մենք հույս ունենք, որ և՛ Բաքուն, և՛ Երևանը հավասարապես կհասկանան մեր արդարացված մտահոգությունները այս հարցի վերաբերյալ և լիովին կգնահատեն ագրեսիվ ռազմական դաշինքների հետ իրենց համագործակցության խորացման ռիսկերը»,-նշել է դիվանագետը:

Զախարովային հարևց ուղղվեց. «Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը վերջերս հայտարարել է, որ տարածաշրջանում օտարերկրյա ռազմական ուժեր տեղակայելու անհրաժեշտություն չկա: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը, հաշվի առնելով, որ այստեղ տեղակայված են միայն ռուսական ուժեր՝ 102-րդ ռուսական ռազմաբազան Շիրակում»:

«Մենք տեղյակ ենք Բաքվի մտահոգություններին, և արդարացի մտահոգություններին, կապված Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության հետ։ Լավ հայտնի է, թե ինչ են անում այսպես կոչված առաքելության աշխատակիցները։ Նրանք լրտեսում են Հայաստանի հարևան երկրներին։ Իհարկե, նրանք չեն զեկուցում Երևանին և չեն նպաստում տարածաշրջանում որևէ կայունության։

Ինչ վերաբերում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազային՝ մենք որևէ ազդանշան չենք ստացել Երևանից դրա հնարավոր դուրսբերման մասին։ Հանրապետության պաշտոնյաները հաստատում են, այդ թվում՝ հրապարակայնորեն, որ նման հարցեր օրակարգում չկան»,-նշել է ռուս դիվանագետը և հավելել. «Երևանը հասկանում է, որ ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանի անվտանգության ճարտարապետության կարևոր տարր է՝ թե՛ Հայաստանում, թե՛ ամբողջ Հարավային Կովկասում։ Բազայի տեղակայումը և գործունեությունը կարգավորվում են Հայաստանի և Ռուսաստանի միջև համապատասխան երկկողմ փաստաթղթերով»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder