Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ինձ չի տրամադրվել այն տեղեկատվությունը, որը հնարավորություն ընձեռի պատշաճ առարկել. Դավիթ Հարությունյանը՝ դատարանում
Հակակոռուպցիոն դատարանում ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործով դատական նիստին, նախքան արագացված դատաքննություն կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը, պատասխանողը մի քանի հարցով դիմեց դատախազության ներկայացուցչին։
Դավիթ Հարությունյանը նախ հետաքրքրվեց հայցային վաղեմության ժամկետների մասին։ Դատախազության ներկայացուցիչն ասաց, որ այս գործով ուսումնասիրությունը սկսվել է 2021 թ. սեպտեմբերի 23-ին, հայցադիմումը ներկայացվել է 2024 թվականի սեպտեմբերի 20-ին, պահպանվել է սահմանած եռամյա ժամկետը։ Այնուհետև նյութերի ուսումնասիրության, դիրքորոշում ներկայացնելու ժամկետների վերաբերյալ հարցերին հստակ պատասխաններ չստանալուց հետո Դավիթ Հարությունյանը դիմեց դատարանին՝ խնդրելով միջամտելու, որպեսզի դատախազության ներկայացուցիչը պատասխանի հարցերին հստակ, քանի որ դրանք կարևոր են գործի քննության համար։
Պատասխանողը նաև ասաց, որ 2021 թվականի սեպտեմբերին սկսվել է ուսումնասիրությունը, դատախազությունն ինտենսիվ դիմել է տարբեր մարմինների՝ ստանալու տարբեր տեղեկատվություն։
«Ի՞նչն էր պատճառը, որ 2021 թվականի դեկտեմբերից սկսած՝ 23 ամիս, դադարեցվում է ընդհանրապես որևէ հարցումի կատարում, 23 ամիս ոչ մի հարցում, վերսկսվում են միայն 2023 թվականի նոյեմբերի վերջին։
Այս հարցերը տալիս եմ մեկ նպատակով՝ ցույց տալ, որ ի սկզբանե ձեր ուսումնասիրությունը դանդաղեցրել եք, որպեսզի այն օրը տաք ծանուցումը, փաստաթղթերը, որ եթե ես մեկ ամսվա ժամկետում ներկայացնեմ, ընդհանրապես չդիտարկեք՝ խախտելով իմ իրավունքը»։
Դատախազն ասաց, որ որևէ դիտավորություն չկա սահմանափակելու անձի իրավունքը, ձգձգելու գործերը, իսկ համապատասխան ժամկետում է իրականացվել, ինչը պայմանավորված է եղել աշխատանքային ծանրաբեռնվածությամբ, բայց պահպանվել է եռամյա ժամկետը։
«Իմ նպատակն է ցույց տալ ձեր դիտավորությունն ինձ վնաս հասցնելու հարցում»,- ասաց Հարությունյանը։
Նա նաև ասաց, որ ինքը խնդրել է տրամադրել հաշվարկի հիքմում ընկած ելակետնային տվյալներն ու բանաձևերը, բայց մերժել են։
Դատախազության ներկայացուցիչն ասաց. «Աշխատանքային ֆայլը ձեզ ներկայացնելու պարտականություն չունենք, իսկ հաշվարկը ներկայացված է հայցադիմումում»։
«Ո՞ւմ ձեռքում են եղել իմ տվյալները, որոնցով լրացվել են բանաձևեր, հետո ձեզ տվել են այդ բանաձևերից ազատ ֆայլ»,- հարցրեց Հարությունյանը։
Դատախազությունը ներկայացուցիչը նշեց, որ վերջնական տեսքը, որի հիման վրա կառուցվել է հայցադիմումը, ներկայացվել է պատասխանողին, այսինքն դա է այն հաշվարկային ֆայլը, որի վրա կառուցվել է հայցադիմումը։
«Էլ ո՞ւմ մոտ են եղել իմ տվյալները, թե՞ այդ ֆայլը ծնվել է առանց բանաձևերի։ Կարող եք ասել՝ ֆայլը ծնվել է առանց բանաձևերի։ Նման բան ասվեց։ Սա շատ կարևոր հայտարարություն է, այն աստիճան չի կարող լինել իրական, պարզ է, որ հիմա դատարանում դուք ներկայացնում եք այլ տեղեկություններ։
Հիմքում ընդունենք դատախազության հայտարարությունը, որ նման ֆայլ՝ բանաձևերով, գոյություն չի ունեցել։ Դա, իմ կարծքով, աննախադեպ հայտարարություն է։
Դատարանի ուշադրությունն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ երբ դիմացի կողմը դատարանում ներկայացնում է ակնհայտ իրականության հետ որևէ աղերս չունեցող ինֆորմացիա, միգուցե իսկապես ժամանակն է սանկցիա՞ կիրառել»,- ասաց Հարությունյանը։
Նա նաև ասաց, որ ինքը դատախազությանը դիմել է՝ հայտնելով, որ այդ տեղեկատվությունը չտրամադրելն առերևույթ խախտում է։
«Նպատակս է ցույց տալ այն, որ ինչ տրամադրվել է ինձ, հնարավոր չէ վերծանել ավելին, ոչ հայցադիմումում, ոչ այն նյութերում, որոնք ստացել եմ ծանուցվելուց հետո, չկա որևէ բան, որը հնարավոր է վերծանել այնպես, որ հասկանամ՝ որն է իրավասու մարմնի տրամաբանությունը, երբ հաշվարկվում էր իմ ապօրինի եկամուտները, որպեսզի կարողանամ պատշաճ առարկութուն ներկայացնել։
Ինձ չի տրամադրվել այն տեղեկատվությունը, որը հնարավորություն ընձեռի պատշաճ առարկել։ Որոշ բաներ ինքս եմ կռահել եմ իմ տարած աշխատանքի արդյունքում»,- ասաց Դավիթ Հարութունյանը։
Հիշեցնենք, որ դատախազությունն անցած տարվա հոկտեմբերի 8-ին հաղորդագրություն է տարածում՝ նշելով, որ հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 30-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 12 անշարժ գույք, 3 շարժական գույք, 723 միլիոն դրամ։