Էջմիածնի քաղաքապետի մեր թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է, նա Խոյից է, համայնքները կմիավորվեն. Դավիթ Խուդաթյան
Քաղաքական
17:11 12/06/2025
Հայաստան

Էջմիածնի քաղաքապետի մեր թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է, նա Խոյից է, համայնքները կմիավորվեն. Դավիթ Խուդաթյան

«Էջմիածնում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ունի որոշում՝  համայնքում գնում ենք  արտահերթ ընտրությունների, որը  զուգահեռվելու է  Էջմիածին և Խոյ համայնքների միավորմամբ»,- լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Նա նշեց, որ դրա համար կա անհրաժեշտ ընթացակարգ՝ ավագանու նիստում երկու անգամ անընդմեջ համայնքի ղեկավար չընտրվի։

«Մի նիստը նշանակված էր այսօր, տեղի չի ունեցել, երկրորդ նիստը կնշանակվի օրենքով սահմանված ժամկետում։ Որոշում ունենք՝ ավագանու  նիստերին ՔՊ-ն համայնքի ղեկավար չի ընտրելու»,- ասաց Խուդաթյանը։

Նա հայտարարեց, որ Վաղարշապատում  ՔՊ թեկնածուն լինելու է Արմավիրի մարզպետ Արգիշտի Մեխակյանը, նա Խոյ համայնքից է։

«Օրենսդրությունն ունի հետևյալ պարտադրանքը՝ առաջադրվող թեկնածուն պետք է լինի տվյալ համայնքի բնակիչ։ Պարոն Մեխակյանը Խոյ համայնքի բնակիչ է, միավորման  դեպքում Վաղարշապատ և Խոյ համայքները դառնում են մեկ համայնք, և այս դեպքում օրենքի կարգավորումները թույլ են տալիս, որ պարոն Մեխակյանն առաջադրվել»,- ասաց Խուդաթյանը։

Հարցին՝ ողջամիտ չե՞ն այն կասկածները, որ համայնքները միացնում են, որպեսզի Մեխակյանը դառնա համայնքապետ, նախարարն ասաց. «Ոչ, որովհետև տրամաբանությունը հետևյալն է. բացի Վաղարշապատ համայնքից չունենք այլ բնակավայրեր, որոնք  խոշորացման արդյունքում պարունակում են երկու բնակավայր, Վաղարշապատի դեպքում Էջմիածին քաղաքն է և Ոսկեհատ գյուղը։

Հայաստանում նման մոդել ոչ մի այլ տեղում կիրառված չէ։ Վերամիավորումը  հնարավորություն է  տալիս մեծացնել  Վաղարշապատ համայնքի բյուջե եկող եկամուտները, որովհետև մեր դոտացիաների գործող համակարգը խրախուսում է բազմաբնակավայր համայնքերը, հնարավորություն է կտա Վաղարշապատում, Խոյում իրականացնել ավելի մեծ ծրագրեր։

Քաղաքական նպատակահարմությամբ չի որոշվել, կառավարական նպատակահարությամբ է որոշվել՝ հաշվի առնելով բնակավայրերի, բնակիչների շահերը»։

Խուդաթյանը նաև վստահ է, որ Մեխակյանն առաջիկա ընտրություններում կընտրվի. «Արգիշտի Մեխակյանի անձը, նրա անցած ճանապարհը, ՔՊ կառավարման արդյունքում մարզում, համայնքներում իրականացված աշխատանքները մեզ նման վստահություն են տալիս»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder