«Ժողովուրդ». Էջմիածնի քաղաքապետարանում Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել
Օրվա մամուլ
08:13 12/06/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Էջմիածնի քաղաքապետարանում Արգիշտի Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Դեռևս հունիսի 7-ին ArmLur.am-ը գրել էր, որ հայրենի իշխանությունները Էջմիածին քաղաքի իրենց «սրտի» քաղաքապետի թեկնածուին են գտել: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ վարչության նիստում որոշում է կայացվել, որ իրենց թեկնածուն պետք է լինի Արմավիրի մարզպետ, ԱԺ նախկին պատգամավոր Արգիշտի Մեխակյանը:

«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ քաղաքապետարանում Մեխակյանի թեկնածությունը միանշանակ չեն ընդունել, քանի որ Մեխակյանը նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի տեղակալն է եղել ու քաղաքապետարանում որպես պաշտոնյա նրան չեն ընդունել: Հիմա լարված իրավիճակ է այդ առումով, քանի որ հստակ գիտեն, որ Մեխակյանի գալով՝ դժվարին ու խնդիրներով լի աշխատանք է սպասվում:

Մեր աղբյուրները նշում են նաև, որ հայրենի իշխանությունները նպատակ ունեն առաջիկայում միավորելու Վաղարշապատ և Խոյ համայնքները, քանի որ Մեխակյանը, լինելով Խոյ համայնքի նախկին ղեկավար, կարող է ՔՊ-ին այնտեղից «ձայներ բերել». այս հարցը դեռևս քննարկման փուլում է:

Հավելենք, որ այսօր տեղի կունենա Էջմիածին համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի արտահերթ նիստը: Նիստի ժամանակ տեղի են ունենալու Վաղարշապատ համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները: Վաղարշապատ համայնքի ավագանու «Էջմիածին» խմբակցությունը մասնակցելու է արտահերթ նիստին և, որպես համայնքի ղեկավար, առաջադրելու է իր թեկնածուին` Սևակ Խաչատրյանին: Սակայն մեր աղբյուրները նշում են, որ իշխանությունները նպատակ ունեն տապալելու նիստը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder