Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Օրբելի եղբայրների տուն-թանգարանի դիրքորոշումը հակառակ է կառավարության որոշմանը
«Օրբելի եղբայրների տուն-թանգարանի» տնօրենի պաշտոնակատար Մարիամ Օհանյանը զանգերից է իմացել կառավարության ընդունած որոշման մասին, ըստ որի՝ «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը վերակազմակերպմամբ ձևով միավորվում է Հայաստանի պատմության թանգարանին՝ որպես վերջինիս մասնաճյուղ։
«Որոշման հետ կապված թանգարանի դիրքորոշումը բացասական է։ Թանգարանը կարող է զարգանալ իր անկախ կարգավիճակով՝ որպես անկախ պետական թանգարան։ Այս պահին միայն դա կարող եմ ասել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Օհանյանը։
Նա նշեց, որ նման որոշման ընդունման մասին իրեն տեղեկացվել էր բանավոր, ԿԳՄՍ նախարարությանը ներկայացրել է իր դիրքորոշումը, որ թանգարանի կարգավիճակը փոխելը ճիշտ որոշում չէ։
Հարցին՝ հնարավո՞ր է վիճարկեն կառավարության որոշումը, Մ.Օհանյանը պատասխանեց. «Ինքս այս լուրը մարսելու կարիք ունեմ, հասկանամ՝ ինչ է կատարվում»։
Կառավարության պարզաբանմամբ, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է թանգարանների կառավարման միասնական քաղաքականության իրականացմամբ, որն իր հերթին կնպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը:
«Վերակազմակերպման արդյունքում կստեղծվի Հայաստանի պատմության թանգարանի Օրբելի եղբայրների թանգարան մասնաճյուղ, որը հնարավորություն կտա hանրության մատուցել բարձրորակ մշակութային ծառայություններ, կստեղծի բավարար պայմաններ և թանգարանը համալրել նոր ներուժով: «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացն իրականացվում է մշակույթի բնագավառի համընդհանուր բարեփոխումների համատեքստում՝ միտված ռեսուրսների նպատակային բաշխմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը»,- նշված է որոշման նախագծում։
Օրբելի եղբայրների տուն–թանգարանը բացվել է 1982թ. հուլիսի 6-ին երբ երկրի գիտական հասարակությունը նշում էր ակադեմիկոս Լևոն Օրբելու 100-ամյակը:
Թանգարանն ունի շուրջ 2000 մշակութային արժեքների հարուստ հավաքածու` գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, անձնական իրեր, փաստաթղթեր, կենցաղային աոարկաներ: Թանգարանը ստեղծվել է աշխատակիցների ջանքերով և հատկապես Օրբելի եղբայրների հարազատների, բարեկամների, աշակերտների օժանդակությամբ, որոնք նվիրաբերել են թանգարանին նրանց վերաբերող բազմաթիվ նյութեր: Դրանք հիմնականում ձեոք են բերվել Ս.Պետերբուրգ քաղաքից:
Տուն-թանգարանի հիմնական ցուցադրությունը բաղկացած է երկու մասից` գիտական և հուշային: Սրահներում ժամանակագրական հերթականությամբ ներկայացված է Օրբելի եղբայրների կյանքի անցած ուղին` գիտական և հասարակական գործունեությունը:
Հիշեցնենք՝ նախորդ կառավարության նիստում կայացված որոշմամբ էլ Հայաստանի պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը միացման ձևով վերակազմակերպեց՝ միանալով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Թանգարանի տնօրեն Վալերի Հակոբյանը Panorama.am-ից էր տեղեկացելկառավարության արդեն ընդունած որոշման մասին։