Չարենցավանում կանխվել է թմրանյութի 6 տասնյակ փաթեթի տեղադրումը
Իրավունք
18:50 12/06/2025
Հայաստան

Չարենցավանում կանխվել է թմրանյութի 6 տասնյակ փաթեթի տեղադրումը

Համայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները հունիսի 10-ին «Գանգրահեր տղայի» այգու տարածքում նկատել են կայանված «Տեսլա» մակնիշի սև ավտոմեքենայի հետնամասում կանգնած մի տղամարդու, որն իրենց տեսնելով` խոտերի մեջ է նետել ձեռքին եղած փաթեթը:

Ոստիկաններն անմիջապես մոտեցել են: Տղամարդու նետածը կպչուն ժապավենով փաթաթված պոլիէթիլենային տոպրակ էր, որը, ենթադրաբար, լցված էր թմրանյութով:

Տարածքը վերցվեց հսկողության տակ, իսկ հետագա գործողություններով ոստիկանների ենթադրությունը հաստատվեց:
Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Կասկածելի վարք դրսևորած Գեղարքունիքի մարզի Զիլ գյուղի բնակիչ 24-ամյա երիտասարդը ձերբակալվեց, իսկ նրա նետած տոպրակում հայտնաբերվեց կպչուն ժապավենով 60 փաթեթ՝ լցված թմրամիջոցի նմանվող բուսական ծագման կիսակոշտ զանգվածներով: Դրանց ընդհանուր քաշը 125 գրամ էր:

Նշանակվել է փորձաքննություն: 24-ամա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, իսկ նրա վարած «Տեսլան»` պահպանվող հատուկ տարածք:
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder