Որո՞նք են վարիկոզի պատճառները. Ներկայացնում է բժիշկը
Առողջություն
18:00 12/06/2025
Հայաստան

Որո՞նք են վարիկոզի պատճառները. Ներկայացնում է բժիշկը

Վարիկոզը երակների հիվանդություն է, որի ժամանակ երակները մեծանում են, կորցնում առաձգականությունը, բարակում և ձևավորում են հանգույցներ։ Այն հաճախ զարգանում է, երբ խանգարվում է արյան բնական հոսքը ստորին վերջույթներից դեպի սիրտ։

Անոթաբան Արգիշտի Արոյանը ներկայացնում է հիվանդության հիմնական պատճառները`

. ժառանգական նախատրամադրվածություն,

. երկարատև կանգնած կամ նստած աշխատանք,

. ճարպակալում,

. հղիություն,

. ֆիզիկական ակտիվության պակաս,

. հորմոնալ փոփոխություններ:

Հիմնական ախտանիշները`

. ծանրության զգացողություն ոտքերում,

. երակների ուռուցք,

. կապտավուն երակների տեսանելիություն,

. ցավ, այտուց, այրման զգացողություն,

. երեկոյան ուժգնացող հոգնածություն ոտքերում,

. մաշկի գունափոխություն: Եթե վարիկոզը չբուժվի

ժամանակին, այն կարող է հանգեցնել մի շարք լուրջ բարդությունների։

Վարիկոզը չբուժելու հետևանքները`

1. Թրոմբոֆլեբիտ` երակներում կարող են առաջանալ արյան մակարդուկներ (թրոմբներ), ինչը հանգեցնում է երակների բորբոքման։

2. Թրոմբոէմբոլիա` երբ թրոմբը պոկվում և անցնում է արյան հոսքի մեջ և կարող է փակել կարևոր անոթներ։

3. Քրոնիկական վենոզ անբավարարություն` երբ արյունը ճիշտ չի հոսում վեր, այն կանգ է առնում ոտքերում՝ առաջացնելով այտուց, մաշկի փոփոխություններ և զգալի անհարմարություններ։

4. Տրոֆիկ խոցեր (վերքեր)` երկարատև արյան կանգի պատճառով մաշկը կարող է թուլանալ, վերքոտել: Այս խոցերը դժվար են բուժվում։

5.Արյունահոսություն` լայնացած երակները կարող են պատռվել նույնիսկ թեթև հարվածից, առաջացնելով արտաքին կամ ներքին արյունահոսություն։

6. Մաշկի գունափոխություն և պիգմենտացիա` մաշկը կարող է մգանալ, դառնալ կոշտ և չոր շարունակական այտուցների պատճառով։

7. Լիպոդերմատոսկլերոզ` երկարատև բորբոքային պրոցեսների հետևանքով մաշկի տակ ճարպային հյուսվածքները կարծրանում են։

Ամռանը պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել վարիկոզ հիվանդությանը, քանի որ բարձր ջերմաստիճանը կարող է խթանել երակների լայնացումը և այտուցները:

Ինչպե՞ս կանխարգելել հիվանդության խորացումը.

1. Խուսափե՛ք երկարատև ջերմային ազդեցությունից. չպետք է երկար մնալ արևի ուղիղ ճառագայթների տակ։ Խուսափե՛ք շոգ ջրով լոգանքներից կամ շոգեբաղնիքներից։

2. Կրե՛ք կոմպրեսիոն գուլպաներ. բժշկական կոմպրեսիոն գուլպաները օգնում են կանխել այտուցը և նպաստում արյան ճիշտ շրջանառությանը։ Ամռանը օգտագործե՛ք թեթև կոմպրեսիոն գուլպաներ՝ հատուկ նախատեսված տաք եղանակի համար։

3. Պահպանե՛ք ֆիզիկական ակտիվություն: Հաճախ քայլե՛ք, լողացե՛ք կամ զբաղվե՛ք ցածր ինտենսիվությամբ ֆիզիկական ակտիվությամբ։ Խուսափե՛ք երկար նստած կամ կանգնած դիրքում մնալուց։

4. Սառը ջրով լվացե՛ք ոտքերը՝ այտուցը նվազեցնելու և երակների տոնուսը բարձրացնելու համար։

5. Օրվա ընթացքում պարբերաբար պառկե՛ք ու ոտքերը բարձրացրե՛ք սրտի մակարդակից վեր՝ 15-20 րոպեով։ Դա օգնում է վերադառնալ արյան հոսքին և նվազեցնում ճնշումը երակներում։

6. Խմե՛ք շատ ջուր։ Ջրազրկումը կարող է ավելացնել արյան խտությունը և վատթարացնել վիճակը։

7. Հետևե՛ք սննդակարգին: Սնվե՛ք թարմ մթերքներով՝ մրգեր, բանջարեղեն հացահատիկ։ Խուսափե՛ք աղ և շատ շաքար պարունակող սննդից, քանի որ դրանք կարող են առաջացնել ջրի պահպանում։

8. Կրե՛ք թեթև, ազատ հագուստ, որպեսզի խուսափեք ազդրերի և ծնկների շրջանում արյան հոսքի խանգարումից։

Եվ ամենակարևորը՝ խորհրդակցե՛ք բժշկի հետ հետագա բարդություններից խուսափելու համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder