Օրբելի եղբայրների տուն-թանգարանի դիրքորոշումը հակառակ է կառավարության որոշմանը
Մշակույթ
12:24 12/06/2025
Հայաստան

Օրբելի եղբայրների տուն-թանգարանի դիրքորոշումը հակառակ է կառավարության որոշմանը

«Օրբելի եղբայրների տուն-թանգարանի» տնօրենի պաշտոնակատար Մարիամ Օհանյանը զանգերից է իմացել կառավարության ընդունած որոշման մասին, ըստ որի՝ «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» ՊՈԱԿ-ը վերակազմակերպմամբ ձևով միավորվում է Հայաստանի պատմության թանգարանին՝ որպես վերջինիս մասնաճյուղ։

«Որոշման հետ կապված թանգարանի դիրքորոշումը բացասական է։ Թանգարանը կարող է զարգանալ իր անկախ կարգավիճակով՝ որպես անկախ պետական թանգարան։ Այս պահին միայն դա կարող եմ ասել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մարիամ Օհանյանը։ 

Նա նշեց, որ նման որոշման ընդունման մասին իրեն տեղեկացվել էր  բանավոր, ԿԳՄՍ նախարարությանը ներկայացրել է իր դիրքորոշումը, որ թանգարանի կարգավիճակը փոխելը ճիշտ որոշում չէ։

Հարցին՝ հնարավո՞ր է վիճարկեն կառավարության որոշումը, Մ.Օհանյանը պատասխանեց. «Ինքս այս լուրը մարսելու կարիք ունեմ, հասկանամ՝ ինչ է կատարվում»։

Կառավարության պարզաբանմամբ, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է թանգարանների կառավարման միասնական քաղաքականության իրականացմամբ, որն իր հերթին կնպաստի կառավարման արդյունավետության բարձրացմանը:

«Վերակազմակերպման արդյունքում կստեղծվի Հայաստանի պատմության թանգարանի Օրբելի եղբայրների թանգարան մասնաճյուղ, որը հնարավորություն կտա hանրության մատուցել բարձրորակ մշակութային ծառայություններ, կստեղծի բավարար պայմաններ և թանգարանը համալրել նոր ներուժով: «Օրբելի եղբայրների տուն-թանգարան» ՊՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացն իրականացվում է մշակույթի բնագավառի համընդհանուր բարեփոխումների համատեքստում՝ միտված ռեսուրսների նպատակային բաշխմանը և կառավարման արդյունավետության բարձրացմանը»,- նշված է որոշման նախագծում։

Օրբելի եղբայրների տուն–թանգարանը բացվել է 1982թ. հուլիսի 6-ին երբ երկրի գիտական հասարակությունը նշում էր ակադեմիկոս Լևոն Օրբելու 100-ամյակը:
Թանգարանն ունի շուրջ 2000 մշակութային արժեքների հարուստ հավաքածու` գրքեր, ձեռագրեր, լուսանկարներ, անձնական իրեր, փաստաթղթեր, կենցաղային աոարկաներ: Թանգարանը ստեղծվել է աշխատակիցների ջանքերով և հատկապես Օրբելի եղբայրների հարազատների, բարեկամների, աշակերտների օժանդակությամբ, որոնք նվիրաբերել են թանգարանին նրանց վերաբերող բազմաթիվ նյութեր: Դրանք հիմնականում ձեոք են բերվել Ս.Պետերբուրգ քաղաքից:
Տուն-թանգարանի հիմնական ցուցադրությունը բաղկացած է երկու մասից` գիտական և հուշային: Սրահներում ժամանակագրական հերթականությամբ ներկայացված է Օրբելի եղբայրների կյանքի անցած ուղին` գիտական և հասարակական գործունեությունը:

Հիշեցնենք՝ նախորդ կառավարության նիստում կայացված որոշմամբ էլ  Հայաստանի պաշտպանության նախարարության «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարան» պետական հիմնարկը միաց­ման ձևով վերակազմակերպեց՝ միանալով «Հայաստանի պատմության թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը։ Թանգարանի տնօրեն Վալերի Հակոբյանը Panorama.am-ից էր տեղեկացելկառավարության արդեն ընդունած որոշման մասին։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Օրբելի եղբայրների տուն-թանգարանի դիրքորոշումը հակառակ է կառավարության որոշմանը