Հնդկական ինքնաթիռի վթարից միակ ողջ մնացածը պատմում է, թե ինչպես է փրկվել
Աշխարհում
16:43 13/06/2025
Աշխարհ

Հնդկական ինքնաթիռի վթարից միակ ողջ մնացածը պատմում է, թե ինչպես է փրկվել

Հնդկաստանում Boeing 787 Dreamliner-ի վթարի միակ ողջ մնացածը մարդը՝ Մեծ Բրիտանիայի 40-ամյա քաղաքացի Ռամեշ Վիշվաշկումարը, պատմել է, թե ինչ զգացողություններ է ունեցել փրկարարական գործողությունների ժամանակ: Նրա խոսքերը մեջբերում են տեղական լրատվամիջոցները:

Նա նշել է, որ մինչև հիմա չի հասկանում, թե ինչպես է ողջ մնացել:

«Ես նույնիսկ չեմ կարողանում հավատալ, որ ես ողջ մնացի։ Մի պահ մտածեցի, որ ես նույնպես կմեռնեմ։ Բայց երբ բացեցի աչքերս և շուրջս նայեցի, հասկացա, որ ողջ եմ, փորձեցի ազատել ինձ նստատեղից ու փախչել, որտեղից կարող էի»,- ասել է նա։

Վիշվաշկումարը նստած է եղել վթարային ելքի մոտ և կարողացել էր փախչել կոտրված ելքով։ 

«Մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ինչպես եմ ես ողջ մնացել», - Վիշվաշկումարի խոսքերն է մեջբերել DD News-ը։

Նա պատմել է, որ վթարի պահին տախտակի վրա կանաչ և սպիտակ լույսերը սկսել են թարթել, որից հետո ինքնաթիռը բախվել է շենքին։ Վիշվաշկումարը ձախ ձեռքի շրջանում այրվածքներ է ստացել բռնկված  հրդեհի հետևանքով։ Նա այժմ վերականգնողական բուժում է ստանում տեղի հիվանդանոցում։

Բժիշկները նշել են, որ նա լուրջ վնասվածքներ չի ստացել։ 

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին այսօր այցելել է  Ահմեդաբադում տեղի ունեցած վթարի վայրը և հիվանդանոցում հանդիպել Վիշվաշկումարի հետ։

Air India-ի Boeing 787 Dreamliner ուղևորատար ինքնաթիռը վթարի է ենթարկվել հունիսի 12-ին Հնդկաստանի արևմուտքում։ Ինքնաթիռում եղել է 242 մարդ, այդ թվում՝ երկու օդաչու և տասը ուղեկցորդուհի։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ վթարի վայրում հայտնաբերվել են 204 զոհի մարմիններ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder