Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գյուղացին հասած ծիրանի ձեռքը կրակն է ընկել, քաղաքացուն խնդրում է պիկնիկն իր այգում անցկացնել, իրենց ձեռքով քաղել օրգանիկ ծիրանն ու գնել
Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ Տիգրան Մաթևոսյանի այգում ծիրանը հասել է, ծառերից թափվում է։ Վերջին երկու օրերի քամին շատ բերք թափեց գետնին։ Դեպի Ռուսաստան բեռնափոխադրում իրականացնողները գյուղացուց ծիրան չեն կարողանում գնել, ասում են՝ մրգով բեռնված ֆուռերը կանգնած են հայ-վրացական սահմանին։
«Տարին 12 ամիս աշխատում ենք, որ բերքը վաճառենք, վարկերը վճարենք։ Ամեն տարի էս սեզոնին մի բան լինում է։ Հիմա ծառերին 6-7 տոննա ծիրան կա, ես ամեն րոպե վնաս եմ կրում։ Ծիրանը հենց հասնում է, ընկնում է»,-Panorama.am-ին պատմեց Տիգրան Մաթևոսյանը։
Նա 2.7 հա այգին վարկային միջոցներով գնել է 2020-ին ագրոտուրիզմի զարգացման նպատակով։ Սակայն վրա հասած համավարակն ու պատերազմը խառնեցին գյուղատնտեսի պլանները։
«2020-ին էլ Քարվաճառում մեր անասնահոտը թալանեցին։ Հարված հարվածի հետևից ու կանգնեցինք փաստի առաջ՝ միլիոնավոր դրամների վարկեր, հույս ունեինք, որ ծիրանը ծախելով մի քիչ կթեթևացնենք վարկը, սակայն հիմա էլ նման խնդրի առաջ ենք կանգնել»,-խնդիրները ներկայացրեց արմաշցի գյուղատնտեսը։
Ադրբեջանի հետ սահմանից քիչ հեռու գտնվող գյուղում Տիգրանը ծիրանն աճեցրել է առանց թունաքիմիկատների ու սրսկումների։
«Սպառողն էլ ուզում է մեծ, փայլուն, ուռեցրած ծիրան։ Բայց ամենամեծ խնդիրն արտահանման հետ է կապված, ֆուռ կա, որ մի շաբաթ է սահմանին է։ Երեկ տվել եմ ֆուռին, էսօր էլ չվերցրեցին։ Տվածի փողն էլ դեռ չեմ վերցրել։ Հիմա աշխատողներ էլ դժվար ենք գտնում, այսօրվա համար խնդրել էի մարդկանց, որ գան քաղեն, բայց որ չվերցրեցին, զանգել եմ մարդկանց, խնդրել, որ չգան»,-ասում է գյուղացին։
Տիգրան Մաթևոսյանը ֆեյսբուքյան էջի միջոցով դիմել է մարդկանց, որ գան իրենց ձեռքով ծառից իրենց ուզած ծիրանը քաղեն, մեկ կգ-ի համար էլ 200-300 դրամ վճարեն։
«Հիմա շաբաթ-կիրակի է, մարդիկ ընտանիքներով գնում են քաղաքից դուրս պիկնիկի։ Ես իմ այգին էլ կտրամադրեմ, թող գան, խորոված անեն, նստեն, ուտեն, խմեն, ծիրանն էլ առնեն, գնան»,-ասում է մեր զրուցակիցը։
Գրառման հրապարակումից հետո զանգ զանգի վրա է ստանում։ Շատերը խնդրում են ծիրանն առաքել իրենց տներ, բայց մեքենան անսարք է։
«Գիտեք, որ գյուղացու խնդիրը գալիս է, մենակ չի գալիս, իրար հետևից։ Հիմա ծիրանիս բերքը սպառելու հարցում ունեմ բարի մարդկանց աջակցության կարիքը։ Կան և՛ պահածոյացման (հասած), և՛ ուտելու, նաև չիր պատրաատելու ընտիր, անարատ համեղ ծիրաններ։ Մնում է էս քանի օրը ձեր ժամանակը անցկացնեք մեզ մոտ, հավաքեք ձեր ծիրանն ու շատ էժան գնեք»,-ասաց Տիգրանն ու թույլ տալիս հրապարակել իր հեռախոսահամարները՝
.093 59 61 64,
.043 04 44 98։