Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մտել է մի տարածք, որն իրենը չի. Միքայել Սրբազան
«Նույնիսկ Խորհրդային Հայաստանում, գոնե 70-80-ականն թվականներին, պետական ինստիտուտները շատ ավելի կարևորում էին եկեղեցու դերն ու նշանակությունը, քան անում են Հայաստանի այսօրվա իշխանությունը»,- «Պետության և եկեղեցու փոխհարաբերությունները. արդի հիմնախնդիրները» թեմայով քննարկմանն ասաց ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանը։

Սրբազանի խոսքով, որպես հոգևորական իրենց համար ցավալի է, որ անկախ Հայաստանի պայմաններում պետք է վերադառնալ 1920-30-ական թվականների ժամանակներ, երբ որ մասսայական հարձակումներ էին տեղի ունենում հայ եկեղեցու ու եկեղեցականության նկատմամբ։
«Սա կարող է թուլացնել եկեղեցին, բայց ավելի ողբերգական հետևանքներ է ունենալու պետության և պետականության վրա։
Ես այնքան մտահոգված չեմ այդ հարձակումներից իբրև եկեղեցական, որքան մտահոգված եմ այդ հարձակումներից որպես Հայաստանի լիիրավ քաղաքացի։
Եթե մենք նույնիսկ «ընդհարման մեջ» ենք պետականության հետ, պետականության հետ չէ, որ հակամարտության մեջ ենք, այլ այսօրվա իշխանության հետ։
Երբ որ ասում են՝ մենք զբաղվում ենք քաղաքականությամբ... Այսինքն մի իշխանություն, որ կարող է հազարամյա, երկհազարամյա Արցախի թեմը լիկվիդացնել, և մենք պետք է ծափահարենք և ասենք՝ մեզ չի վերաբերվո՞ւմ, սա քաղաքական հա՞րց է։
Երբ որ մի իշխանություն հարյուրներով, հազարներով եկեղեցիներ ու վանքեր հանձնում է թշնամուն ու այդ տարածքը հայտարարում պատմական Ադրբեջան, ուրեմն մեր ընդվզումը քաղաքականության մեջ ընդգրկվե՞լ է։
Ուրեմն մենք որպես Հայաստանի լիիրավ քաղաքացիներ, ցանկացած իրավունքից կարող ենք օգտվել, որից օգտվում է ցանկացած քաղաքացի»,- ասաց Միքայել Սրբազանը։
Միքայել Սրբազանի խոսքով, շատ են հարձակվել եկեղեցու վրա, այս հարձակումն էլ կանցնի. «Իմ մտահոգությունն առավել պետական ինստիտուտների բացարձակ և ամբողջական, Աստված մի արասցե, որ անվերադարձ լինի, կոլապսն է։ Այսինքն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մտել է մի տարածք, որն իրենը չի, ոչ մի իրավունք չունի ոչ որպես վարչապետ, ոչ որպես քաղաքացի, բայց մտել է, պետական ինստիտուներն իրեն չեն ասում՝ սա մի արա։ Չկա ԱԱԾ, որ ասի՝ ազգային անվտանգության սպառնալիք է փորձել եկեղեցին քայքայել ներսից։ Չկա, փաստացի, ազգային անվտանգություն։ Չկան ուժային կառույցներ, արդարադատության նախարարություն, որոնք ասեն՝ դու օրենք ես խախտում, Սահմանադրություն, իրավական նորմեր ես խախտում»։
«Ոչ մեկը և ոչ մի անձնավորություն Հայաստանում մարդկանց անձնական կյանքից այնքան գաղտնիքների չի տիրապետում, որքան որևէ մի հոգևորական։ Չի կարող որևէ մեկը հոգևորականից շատ գաղտնիքների տիրապետել ուրիշների կյանքին վերաբերող, բայց ոչ մի հոգևորական դա չի օգտագործում իբրև շանտաժի միջոց, երբեք չի սպառնում որևէ մեկին հրապարակելու համար որևէ գաղտնիք, որը նույնիսկ խոստովանության ճանապարհով չի ստացել, ուղղակի մարդը մոտեցել է, խորհուրդ է հարցրել ու ասել է։ Դա խոստովանություն չէ։
Իսկ այս մարդը պետական շանտաժով է զբաղված, արդարադատության նախարարությունը չի ասում՝ պարոն, էս օրենք ես խախտում, հանցագոծություն ես կատարում։ Քննչական կոմիտեն քրեական գործեր չեն հարուցում։ Առաջին տիկին համարվողը մանկապղծության մեղադրանք է ներկայացնում հոգևորականների նկատմամբ և քրեական գործ չի հարուցվում։
Առողջապահության նախարարությունը չի տեսնում, որ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը հոգեկան լուրջ պրոբլեմներ ունի, այսինքն կառավարական, պետական ոչ մի ինստիտուտ չի աշխատում այս երկրում»,- ասաց Միքայել Սրբազանը։
Միքայել Սրբազանի խոսքն ամբողջությամբ՝ տեսանյութում։