Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական դատավարությունը։
Դատավոր Արամ Գրիգորյանը հայտարարեց, որ դատարանն անցնում է քրեական հետպանդումը դադարեցնելու և վարույթը կարճելու հարցի քննությանը՝ վաղեմության ակնհայտ հիմքով։
Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը հայտարարեց, որ իրենք առարկում ենք այդ հիմքով քրեական հետապնդումը դադարեցվի։
«Մենք հրաժարվում ենք այդ հնարավորությունից օգտվելուց, որովհետև պարոն նախագահն իրեն մեղսագրված արարքը չի կատարել։ Մենք հասնելու ենք նրան, որ դատարանի դատական ակտով փաստվի և այդ փաստը մնան Հայաստանի պատմության մեջ»,- ասաց Մակինյանը։
Դատավորը հայտարարեց, որ Ա. Մակինյանի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ միացնել Սերժ Սարգսյանի վերաբերյալ իր վարույթում գտնվող երկու քրեական վարույթները. «Այդ միջնորդությունը վերաբերում է և սույն քրեական գործին, և մեկ այլ քրեական գործի, որը գտնվում է իմ վարույթում»։
Մակինյանը ներկայացրեց միջնորդությունը՝ նշելով. «Պարոն նախագահը, որպես մեղադրյալ է ներգրաված է այս և նաև մեկ այլ քրեական գործով։ Թեև փաստական հանգամանքները չեն նույնանում, բայց օրենսդիրը հնարավորություն է տալիս կիրառելով Քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի կարգավորումները` գործերը միացել՝ հաշվի առնելով նաև արդյունավետ քննության, պարոն նախագահին վերաբերվող երկու գործnվ արդյունավետ քննելու, ողջամիտ ժամկետներում ավարտելու հնարավորությունները։ Խնդրում եմ գործերը միացնել մեկ վարույթ»։
Դատախազը առարկեց. «Հասկացա, որ երկրորդ քրեական գործով պարոն Սարգսյանից բացի ներգրաված են այլ մեղադրյալներ։ Հաշվի առնելով այդ գործով դրվագների, վկաների քանակը, սույն և այդ գործի փաստական հանգամանքների միմյանց հետ փոխկապակցված չլինելը, գտնում եմ՝ գործերը միացնելը կարող է խոչընդոտել երկու գործերի պատշաճ և համակողմանի քննությանը, ձգձգել»։
Դատավորը հայտարարեց, որ դատարանը քննարկելով պաշտպան Ամրամ Մակինյանի միջնորդությունը, լսելով կողմերի կարծիքը, ղեկավարվելով Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածներով, որոշեց քրեական գործերը միացնել մեկ վարույթում։ Սույն որոշումը ենթակա չէ բողոքարկման։
«Դատարանը գտնում է, որ գործերը միացնելը չի կարող բացասաբար անդրադառնալ վարույթի արդարացիության վրա, և դատարանը առանց արդարադատության շահերը վնասելու, նվազագույն դատական ծախսերի կատրմամբ՝ կքննի և կլուծի գործի վերջնական ընթացքը»,- հայտարարեց դատավորն ու ասաց, որ քանի որ գործերը միացվել են, դատական նիստը չեն կարող շարունակել։
Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 26-ին։
Սերժ Սարգսյանին մեղադրում են 20 տարվա վաղեմության մի գործարքի համար, որը նա կնքել է պաշտպանության նախարար եղած տարիներին. խոսքը հողերի օտարման մասին է։
Հիշեցնենք, որ Իսակովի պողոտային և «Եռաբլուր» զինվորական պանթեոնին հարակից հողատարածքների ապօրինի օտարման դեպքերի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթով Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել 18 դրվագ առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, 2 դրվագ պաշտոնական դիրքն օգտագործելով հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերով գույք օրինականացնելու (փողերի լվացում) և 3 դրվագ՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելու համար: