Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արթուր Վանեցյան. Անթույլատրելի է, Հայ առաքելական եկեղեցուն աջակցելու համար իշխանությունները մարդկանց են ձերբակալում
«Տարօրինակ է, Հայ առաքելական եկեղեցուն աջակցություն հայտնելու համար Հայաստանի իշխանությունները ինչ-որ քայլեր են ձեռնարկում, մարդկանց են ձերբակալում, փորձում ամեն ինչ քանդել։ Սա անթույլատրելի է»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ նախկին տնօրենն էլ եկել էր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց՝ իր աջակցությունը հայտնելու հայտնի գործարար, բարերար Սամվել Կարապետյանին։ Դատարանում քննվում է Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը, որը ներկայացրել է քննչական կոմիտեն։
Հաշվի առնելով այն, որ օրեր առաջ Ա. Վանեցյանի կոչով բազմաթիվ մարդիկ էին հավաքվել «Զվարթնոց» օդանավակայանում՝ դիմավորելու և աջակցություն հայտնելու ԱՄԷ-ից վերադարձող կաթողիկոսին՝ լրագրողները հարցրեցին, հնարավո՞ր է հաջորդը հետապնդում իրականացվի «Հայրենիք» կուսակցության նաագահի նկատմամբ, քանի որ նրա անվտանգության աշխատակիցներին պարբերաբար բերման են ենթարկում։
«Մի քանի անգամ արդեն իմ նկատմամբ հետապնդում իրականացվել է։ Գիտեք, մի քանի օր առաջ էլ օդանավակայանում Վեհափառին դիմավորելուց հետո ևս հերթական մի շոուն եղավ։ Ես չգիտեմ, էլ ո՞նց բացատրեմ, որ մենք ապօրինի զենք չունենք, ապօրինություններով չենք զբաղվում»,-արձագանքեց նա։
Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի պաշտոնից Ա. Աբազյանին ազատելուն, Վանեցյանն ընդգծեց. «Քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանը, ով կլինի ԱԱԾ տնօրենը, ոստիկանապետը, ՆԳ նախարար, դատախազ, դատավոր, բոլորի դեմքին կպցնում եք Նիկոլ Փաշինյանի դիմակը ու բոլորին դիտարկում եք այդ տեսանկյունից։ Ես չեմ հավատում, որ ուժային կառույցում ուսադրի տակ գտնվող մարդը կարող է չկատարել իր անմիջական ղեկավարի հրամանը»։
Մանրամասները՝ տեսանյութում։