Այս պահին վերահսկողություն է իրականացվում «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող 30 հանրային սննդի կետերում
Հասարակություն
15:44 18/06/2025
Հայաստան

Այս պահին վերահսկողություն է իրականացվում «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող 30 հանրային սննդի կետերում

«Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին ներկայացված դիմումի համաձայն՝ այս պահին վերահսկողություն է իրականացվում այդ կազմակերպությանը պատկանող 30 հանրային սննդի կետերում:

ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչների կողմից «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Իսահակյան 22 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ:

Մասնավորապես՝

հանրային սննդի կետի պատերը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող, ախտահանվող և ոչ թունավոր նյութերից,

առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,

սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված սննդի կառույցների հատակի մի մասը չի ունեցել հարթ-նորոգ մակերես:

Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Տեսչական մարմնի մեկ այլ հաղորդագրությամբ,  ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ի Երևանի Տերյան 69 հասցեում գործող մասնաճյուղում իրականացվող վերահսկողության ընթացքում հայտնաբերել են սահմանված սանիտարահիգիենիկ նորմի խախտում, մանավորապես՝ առաստաղները կառուցված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը:

Մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս պահին վերահսկողություն է իրականացվում «Պիցցա Տաշիր» ՍՊԸ-ին պատկանող 30 հանրային սննդի կետերում