Ինչպես են հայ զբոսաշրջիկները Բեթղեհեմից հասել Եգիպտոս. Պատմում է խմբի անդամը
Հասարակություն
10:35 18/06/2025
Հայաստան

Ինչպես են հայ զբոսաշրջիկները Բեթղեհեմից հասել Եգիպտոս. Պատմում է խմբի անդամը

Իրան-Իսրայել հակամարտության պատճառով Բեթղեհեմում մնացած, մեծ դժվարությամբ Եգիպտոս հասած  Հայաստանի 17 քաղաքացիները հայրենիք կվերադառնան հունիսի 20-ին։ Խմբի անդամ Մարթա Պալոյանը Panorama.am-ի հետ զրույցում պատմեց, որ իրենք Բեթղեհեմից Եգիպտոս են հասել բացառապես «Երուսաղեմ թրավել»-ի խմբի, այնտեղ իրենց հետ գտնվող գիդի կատարած աշխատանքի արդյունքում, այլապես անորոշ ժամանակով դեռ կմնային Բեթղեհեմում։

Հայաստանի քաղաքացի 17 զբոսաշրջիկները Բեթղեհեմից Եգիպտոս են հասել ավելի քան 12 ժամում. «Առավոտյան 9-ին դուրս ենք եկել, հասել Եգիպտոսի հյուրանոց 23․00-ին, ճանապարհներին մեքենաների հերթեր էին, նաև եղել են հատվածներ, որոնք քայլելով ենք անցել։ Շատ հոգնած հասանք հյուրանոց»։ 

«Ես շնորհակալություն եմ հայտնում «Երուսաղեմ թրավել»-ի ողջ անձնակազմին։ Մեծ վտանգ կար, որ կարող էինք երկար մնալ Բեթղեհեմում, դժվարությամբ վերադառնալ Հայաստան, հակամարտության թեժացման դեպքում էլ չասեմ, թե ինչ հետևանքներ կարող էր ունենալ մեր մնալն այնտեղ»,- ասաց նա։

Տեղափոխության հիմնական ծախսերը հոգացել են հենց զբոսաշրջիկները։

«Բոլոր ֆինանսական ծախսերը մենք ենք հոգացել, որոշ մաս տուրիստական ընկերությունն է փոխհատուցել։ Ոչ մեկից ոչ մի ֆինանսական աջակցություն չենք ստացել»,- ասաց նա։

Մարթան պատմեց, որ իրենց խմբում կա քաղցկեղով հիվանդ մարդ, ով անհրաժեշտ դեղերը վերցրել էր ընդամենը 7 օրվա համար. «Լավ է գոնե հասանք այստեղ, քանի որ շատ անհանգիստ էր»։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության 17 քաղաքացիներ, որոնք որպես զբոսաշրջիկ հունիսի 10-ին մեկնել էին Բեղթեհեմ, Իրան-Իսրայել հակամարտության պատճառով չէին կարողանում վերադառնալ Հայաստան։ 

Դեռևս հունիսի 16-ին  Panorama.am-ի հետ զրույցում նա ասել էր. «Մենք այժմ գտնվում են Բեթղեհեմում։ Այստեղ համեմատաբար անվտանգ է, քանի որ Պաղեստինի տարածքներն են, այստեղ ռմբակոծություններ չեն լինում։ Բայց մենք Բեղթեհեմից դուրս գալու ու Հայաստան վերադառնալու հնարավորություն չունեն, քանի որ շուրջը ռմբակոծություններ են։ Մեր տուրիստական կազմակերպությունը զբաղվում է մեր վերադարձի հարցով, արդեն դիմել է դեսպանատուն, արտաքին գործերի նախարարություն, ինչ-որ միջոցներ են ձեռնարկում անվտանգ սահմանն անցկացնելու և Հորդանանով կամ Եգիպտոսով Հայաստան վերադարձնելու համար»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ինչպես են հայ զբոսաշրջիկները Բեթղեհեմից հասել Եգիպտոս. Պատմում է խմբի անդամը