2018-ին աղքատության մակարդակը եղել է 23.5%, 2023-ին՝ 23.7%, ծայրահեղ աղքատությունը՝ 1%-ից աճել է մինչև 1.1%. Թադևոս Ավետիսյան
Տնտեսություն
14:18 19/06/2025
Հայաստան

2018-ին աղքատության մակարդակը եղել է 23.5%, 2023-ին՝ 23.7%, ծայրահեղ աղքատությունը՝ 1%-ից աճել է մինչև 1.1%. Թադևոս Ավետիսյան

«Էս երկու օրը մենք ականատես ենք ամեն ինչից, բացի նրանից, որ կատավարությունն իր տված  խոստումները չի կատարում»,-ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ հանդես գալով 2024 թ. բյուջեի կատարողականի քննարկման եզրափակիչ խոսքով։

Պատգամավորը ներկայացրեց վիճակագրական պետական տվյալներ՝ համադրելով դրանք կառավարության նախընտրական խոստումների և տնտեսական ցուցանիշների հետ։

Նշելով, որ տնտեսության իրական աճը չի հասել խոստացված մակարդակին՝ Ավետիսյանը փաստեց, որ 2017 թ․ տնտեսական աճը եղել է 7.5%, իսկ 2018-2024 թթ․ միջինը՝ 5.4%»։

Անդրադառնալով աղքատության ցուցանիշներին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «2018-ին աղքատության մակարդակը եղել է 23.5%, 2023-ին՝ 23.7%, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 1%-ից աճել է մինչև 1.1%»։

Նա արձանագրեց նաև սոցիալական աջակցության համակարգի անկումը՝ նշելով, որ Նպաստ ստացող ընտանիքների թիվը կրճատվել է 7271-ով, կամ 11%-ով։

 «Թոշակառուների կյանքը այս կառավարության օրոք վատացել է առնվազը 5.5 %-ով, նպաստառու ընտանիքների, այդ թվում ծայրահեղ աղքատ բնակչության կայնքը վատացել է առնվազը 21 %-ով, աշխատող աղքատների սոցիալական վիճակը նույնպես վատացել է, եթե ընդունենք, որ միջին վիճակագրական ընտանիքը բաղկացած է 4 անձից, այդ թվում երկու երեխա»,-հայտարարեց պատգամավորը։

«Պետական պարտքը կրկնապատկվել է՝ աճելով շուրջ 7 մլրդ դոլարով»,-հայտնեց պատգամավորը և, ներկայացնելով արտաքին առևտրաշրջանառությանը՝ նշեց. «Ռուսաստանի Դաշնության հետ առևտրաշրջանառությունը աճել է 57%-ով՝ հասնելով ընդհանուր ծավալի 41.1%-ի, մինչդեռ ԵՄ երկրների հետ նվազել է 12%-ով»։

Նա նաև մատնանշեց օտարերկրյա ներդրումների անկման փաստը։

 «Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը եղել է մինուս 115 մլն դոլար»,-ասաց Ավետիսյանը՝անդրադառնալով նաև տնտեսական կառուցվածքի փոփոխությունների բացակայությունը, գնաճի և ՓՄՁ-ների հարկային ճնշման հարցերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder