«Ժողովուրդ». Ուշագրավ զարգացումները դեռ նոր են սկսվում
Օրվա մամուլ
08:14 20/06/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ուշագրավ զարգացումները դեռ նոր են սկսվում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ-ին մոտ կանգնած աղբյուրներից հասած տեղեկությունների համաձայն՝ բարեգործ, «Տաշիր» խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի ձերբակալությունը քաղաքական հաշվարկների արդյունք է։ Մասնավորապես՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս քայլով ձգտում է ուժեղացնել իր ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ և հասնել Ամենայն Հայոց կաթողիկոսի «հրաժարականին»։

Իշխանական աղբյուրների պնդմամբ՝ իշխող քաղաքական թիմում արդեն տրվել են համապատասխան հրահանգներ ՔՊ-ական պատգամավորներին ու հանրային հաղորդակցման պատասխանատուներին։ Նրանց հորդորվել է պատրաստ լինել՝ սկսելու ակտիվ քարոզարշավ Սամվել Կարապետյանի դեմ՝ ներկայացնելով նրան որպես «նախկինների կողմնակից» և հատկապես՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին աջակցող գործիչ։

Սամվել Կարապետյանը, որը վերջին ամիսներին հանդես է եկել Եկեղեցու շահերի պաշտպանության դիրքերից, ներկայումս, ըստ ոմանց, դիտարկվում է որպես գաղափարական ու հասարակական հենասյուն՝ ընդդիմադիր տրամադրությունների համար։ Միաժամանակ իշխող թիմի ներսում դիտարկվում է նաև այս պատմության օգտագործումը՝ ներսից փշրելու հնարավոր լայն կոնսոլիդացիան՝ եկեղեցու, սփյուռքի ու ներհայաստանյան որոշ շրջանակների միջև։ Ինչպես ասում են՝ ուշագրավ զարգացումները դեռ նոր են սկսվում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder