«Սուխոյ» Ֆանտանն՝ առանց ոռոգման ջրի
Հասարակություն
15:59 21/06/2025
Հայաստան

«Սուխոյ» Ֆանտանն՝ առանց ոռոգման ջրի

Կոտայքի մարզի Ֆանտան գյուղն ունի շուրջ 240 տնտեսություն։ Ավելի քան 1100 բնակիչ ունեցող փոքրիկ գյուղի բնակիչները միմյանց լավ են  ճանաչում,  համախմբված՝ ապրում։ Սիրում են հարևանություն անել, միասին սրճել և այդ ընթացքում էլ քննարկել գյուղի կամ երկրի անցուդարձը։ Ասում են՝ գյուղը շատ են սիրում, չեն լքում, աշխատում են ու ապրում։

«Հա՛մ Փաշինյանից ենք խոսում, հա՛մ Սերժից ենք խոսում, հա՛մ էլ՝ հարևաններից, հետո գնում ենք դաշտ ավելուկ ենք քաղում, գալիս մեր անասուններով զբաղվում»,- կես կատակ կես լուրջ Panorama.am-ի թղթակցին պատմեցին սուրճի սեղանի շուրջ հավաքված գյուղացիները։

Ի դեպ, գյուղը շուտով կդառնա 200 տարեկան։ Բնակիչները նշում են, որ հանրապետության այն եզակի գյուղերից է, որտեղ բնակչության թիվը ոչ թե նվազել, այլ ավելացել է։ Թեև շատ գյուղերի նման կան բազմաթիվ խնդիրներ, օրինակ՝ ոռոգման։

«Մենք ինչ ծնվել ենք, աշխարհ ենք եկել, ոռոգման խնդիրը կա։ 80-ականներին ենք տուն սարքել, սկզբում կա ր ոռոգման ջուր, հետո նասոսը (պոմպ) փչացավ ու մնացինք առանց ոռոգման ջրի։ Ժողովուրդը կուլտուրական ապրում եմ։ Սևահող ա այստեղ, լավ հող ա, գարի, կտավատ, հաճար, ցորեն, ոսպ ու սիսեռ են մշակում։ Ամեն ինչ էլ մշակում ենք, բայց շատ բերք չենք ստանում։ Ոռոգման ջուրն էլ լինի էլ խնդիր չենք ունենք։ Ասում են՝ 20 մլն փող ա պետք, որ ջուրը հասցնեն գյուղ, պետքա ֆինանսավորում լինի, որ խնդիրները լուծվեն»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Ֆանտան գյուղի բնակիչ Գոհար Սրապիոնյանը։

Տեղացիները նշեցինք, որ խմելու ջրի խնդիր չունեն, սակայն, ամռան ընթացքում, երբ տնամերձ այգիները ջրում են խմելու ջրով, ջուրը պակասում է։

«Մենք մեզ համար ենք մշակում, էդքան բերք չենք ստանում, որ իրացնենք։ Որ ջուր լիներ մեր հողերը մշակեինք, շատ լավ կլիներ։ Գյուղը երկու հարյուր տարեկան է, մեր տները  խորհրդային տարիներին ենք սարքել, էն ժամանակ մեր թաղն ասում էին՝ «անկեսուր մայլա», նոր էր» ,- ասաց Կարինե Հոպանյանը։

Ի դեպ Հոպանյանների ընտանիքը գյուղում հայտնի է։ Ընտանիքի պապը  Հայրենական Մեծ պատերազմի մասնակից է եղել՝ Խորհրդային Միության հերոս, Փառքի ասպետ։  Գյուղում փողոցներից մեկն էլ իրենց անունով են կոչել։ Հոպանյանների սերունդն ապրում է գյուղում։ Երկու տղաներն՝ իրենց ընտանիքով։

Հիմնական զբաղմունքը՝ գյուղատնտեսությունն ու անասպահություն է։

«Մենք աշխատող ժողովուրդ ենք։ Հիմա ով չի աշխատում, նա չի ապրում։ Ո՞վ ա պարտավոր ուրիշին պահի։ 10 հատ ցուլիկ եմ առել պահում եմ, գոջի եմ պահում, ցորենով հաճարով փոխանակում ենք անում, ապրում ենք։ Էսքան անասուն ունեմ, կեր չեմ առնում, մեր ցանքով կերն ապահովում ենք»,- հավելեց տիկին Գոհարը։

Երիտասարդները գյուղում շատ զբաղմունք չունեն։

«Մի մասը քաղաք է գնում՝ շինարարության վրա աշխատում։ Իմ տղեն տրակտոր ա բերել, խոտ ա կապում, վար  անում։ Ամեն մեկը մի գործով զբաղվում ա»,- ասաց մեր զրուցակիցը։

 Գյուղի բնակիչներից Արմինեն էլ բարձրաձայնեց առնետների չլուծվող խնդրի մասին, որոնք տարիներ շարունակ վնասում են գյուղատնտեսական նշանակության հողատարածքները։

«Բերքահավաքի ժամանակ առնետները, մկները շատ մեծ վնաս են հասցնում բերքին։ Հասուն բերքը գնում ենք հավաքելու, տեսնում ենք ՝ չկա, առնետները մեծ վնաս են տալիս։Ամեն տարի նույն խնդիրն է։ Գյուղացին ողջ տարի չարչարվում ա, գալիս ա բերք հավաքելու ժամանակը, տեսնում ենք կրծողներն արդեն կերել են։ մասնագետների հետ խոսել եմ՝ ասում են թույն արեք։ Հիմա ես անում եմ, մյուսը չի անում։ Իմ դաշտում վերանում են, մյուսից դաշտից գալիս են։ Պետքա համատարած լուծում տրվի։ Անջրդի հողեր են, շատ ենք չարչարվում, բայց արդյունքը չենք տեսնում»,- ասաց Ֆանտան գյուղի մյուս բնակիչը՝ Արմինեն։

 Տեղացիները նաև շեշտեցին, որ գյուղում չկա մանկապարտեզ, երեխաներին տանում են Չարենցավանի մանկապարտեզ, այն էլ՝ տաքսիներով։

« Մեր գյուղն օրինակ Հրազդանի հետ կապը կտրված ա, տրանսպորտ չկա։ Մի տրանսպորտ ա մտնում գյուղ առավոտյան ժամը 10։30, Չարենցավան ա գնում, դրա համար տաքսիներվ ենք գնում»,- ասաց բնակիչը։

 Բնակիչներից ամեն մեկն ինչպես ասում են՝ իր գլխի ճարը տեսնում է։ Վարդան Ռաշոյանի ընտանիքն էլ  իրենց բակում փոքրիկ արտադրություն է հիմնել (curivo)։ Գյուղում աճեցված կանեփից, արևածաղկից ու այլ մշակաբույսերից բուսայուղ են ստանում։ Ասում է՝ արտերկրում իրացնելու համար  բյուրոկրատական քաշքշուկի մեջ են ընկել, տեղում համացանցի միջոցով են փորձում վաճառել արտադրանքը։

«Հիմնականում՝ բուժական նպատակներով են տանում»,- ասաց Վարդանը։

Վարդանի եղբայր՝ Նվեր Ռաշոյանն էլ պատմեց, որ մինչև Խորհրդային միության փլուզումն աշխատել է Աբովյանում։ Աշխատատեղերը փակվելուց հետո վերադրձել է հայրենի գյուղ, տուն կառուցել ու ապրել գյուղում։

«Ես ու կինս սիրում ենք բնությունը։ Մեր այգիներն ենք մշակում, ապրուստի միջոցը դա է։ Ճիշտ է ՝ ջուր չունենք, մեր գյուղն ասում են «սուխոյ» Ֆանտան»,- հումորով պատմեց Ռաշոյանը՝ շարունակելով․ «Ոռոգման ջուր չունենք, բնության հույսին ենք։ Բնությունը,եթե «ջրում» է, ուրախանում ենք, եթե չորային է՝ հարմարվում ենք մեր ճակատագրին, չենք լքում գյուղը»։

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Սուխոյ» Ֆանտանն՝ առանց ոռոգման ջրի