«Հրապարակ». Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն
Օրվա մամուլ
08:36 21/06/2025
Հայաստան

«Հրապարակ». Եկեղեցու դեմ պայքարում ո՞վ է Փաշինյանի խորհրդատուն

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ է՝ թիրախավորել է Հայ առաքելական եկեղեցին` փողոցային բառապաշարով անդրադառնում է բարձրաստիճան հոգևորականներին: Շուրջ մեկ ամիս է նա զբաղված է հոգևորականների կուսակրոնության հարցերով: Վերջերս նա անգամ եկեղեցական կանոնագրքից է մեջբերումներ անում, սաղմոսներից հատվածներ հրապարակում, խոսում է Աշտիշատի ժողովի մասին:

Փաշինյանը ո՛չ կրոնագետ է, ո՛չ աստվածաբան: Նա իր թերի համալսարանական կրթությամբ, հայոց պատմության ու Եկեղեցու անցյալի մասին սուղ գիտելիքներով քիչ հավանական է, որ ինքնուրույն պեղած լիներ այդ մանրամասները: Ակնհայտ է, որ Եկեղեցու դեմ արշավում նա խորհրդատուներ ունի, որոնք եկեղեցու ներքին կանոնադրությունից, պատմությունից «պեղում» գտնում են ինչ-որ պատառիկներ և տրամադրում նրան, որ Հայ առաքելական եկեղեցուն ավելի գրագետ «հարվածի»: Մի լավատեղյակ անձ մեզ հուշեց, որ այդ խորհրդատուն կարող է ԵՊՀ ռեկտոր, հին սորոսական Հովհաննես Հովհաննիսյանը լինել, որը մասնագիտությամբ աստվածաբան է, մայր բուհի Աստվածաբանության ֆակուլտետի դասախոս: ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկանի` Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի օգնությամբ, որը դեկան է նշանակվել 2005 թվականին, սակայն ծառայել է բոլոր իշխանություններին, նա մտքեր է հուշում, խորհուրդներ տալիս վարչապետին: Դեկանը, ի դեպ, 2006-ին Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կողմից ձեռնադրվել և օծվել է եպիսկոպոս:

Մայր բուհի ռեկտոր, աստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց այն տեղեկությունը, որ ինքը` Աստվածաբանության ֆակուլտետի դեկանի հետ, Նիկոլ Փաշինյանին խորհուրդներ է տալիս Եկեղեցու կանոնագրքից, հուշում, թե կանոնագրքի որ կետի համաձայն կարելի է ազատվել Վեհափառից և այլն: Նա լսեց մեր հարցը և ասաց, որ հանդիպման է, չի կարող պատասխանել մեր հարցերին: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաև Աստվածաբանության ֆակուլտետի դեկանից, սակայն դեկանատից ասացին, որ նա տեղում չէ` չի կարող խոսել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder