Գրեթե կասկած չկա, որ ադամանդների գողության բացահայտման «հիմքում» քաղաքականություն է. Քաղաքական վերլուծաբան
Քաղաքական
11:59 23/06/2025
Հայաստան

Գրեթե կասկած չկա, որ ադամանդների գողության բացահայտման «հիմքում» քաղաքականություն է. Քաղաքական վերլուծաբան

«Ռուսական ՖՍԲ-ն՝ Անվտանգության դաշնային ծառայությունը տարածել է տեղեկություն, որ բացահայտվել է Ալրոսա ռուսական ընկերությունից ալմազների գողություն, որ իրականացվել է Հայաստան տեղափոխելու նպատակով: ՖՍԲ հայտարարության մեջ նշվում է, որ գողացված ալմազները Հայաստանում մատակարարվել են մի ընկերություն, որի շահառուներից է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Գրեթե կասկած չկա, որ բացահայտման «հիմքում» քաղաքականություն է: Համենայն դեպս, ՖՍԲ հաղորդագրությունից հասկանալի է, որ խոսքը ինչ որ տեւական պրոցեսի մասին է: Ըստ երեւույթին, բացահայտումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ առաջացել է դրա անհրաժեշտությունը, եւ ըստ ամենայնի՝ քաղաքական անհրաժեշտությունը»,-գրում է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ու շարունակում.

«Հատկապես ինչո՞վ կարող է այն լինել պայմանավորված:

Այստեղ կարող ենք դիտարկել մի քանի ֆոնային մոտիվ: Առաջին ասոցիացիան կարող է լինել օրինակ հետեւյալը: Նիկոլ Փաշինյանը գրոհում է ռուսաստանցի հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին, ռուսական հատուկ ծառայություններն էլ «ի պատասխան» թիրախավորում են Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ Սուքիասյանին:

Մյուս ֆոնային հանգամանքը Նիկոլ Փաշինյանի այցն է Անկարա: Ի՞նչ կապ ունի այստեղ Խաչատուր Սուքիասյանը, կառաջանա հարց: Ըստ իս «կապն» այն է, որ Խաչատուր Սուքիասյանը Փաշինյանի շրջապատում առանցքային դեմք է, որը հայ-թուրքական հարաբերության պայմանական ասած՝ «լոբբիստ» է, հատկապես տնտեսական բաղադրիչի իմաստով: Փաշինյանի այցի ընթացքում Թուրքիայում կարող էին քննարկվել նաեւ այդ բնույթի հարցեր:

Երրորդ հատկանշական ֆոնը, ըստ իս, Պետերբուրգի տնտեսական ֆորումն էր, որտեղ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը խոսում էր այն մասին, որ Հայաստանի եւ ՌԴ միջեւ առեւտրաշրջանառությունը նվազում է: Նա խոսում էր մոտ 2 միլիարդ դոլարի նվազման մասին, արտահայտելով ընդհուպ 6 միլիարդ դոլարի նվազման հավանականության մտահոգություն:

Շատերն այստեղ կարող են տեսնել Երեւանին նախազգուշացում՝ ԵՄ օրակարգի հետ կապված:

Դա գուցե կա: Բայց, ըստ իս, կա նաեւ հակառակը: Օվերչուկը կարող էր ակնարկել, որ հայ-ռուսական առեւտրաշրջանառության որոշակի մասը, եւ հատկապես՝ այսպես ասած վերաարտահանման մասը անցնում է ստվեր: Իսկ Ռուսաստանի համար ներկայումս թերեւս կարեւոր է առեւտրաշրջանառության ֆիսկալ տրամաբանությունը: Համենայնդ դեպս այդ ֆոնին էլ ուշագրավ է ադամանդների պատմությունը, եթե նկատի ունենանք այն, որ սա կարող է արտահայտել նաեւ ներռուսական վերնախավային տնտեսա-քաղաքական խմբերի շահերի բախում»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գրեթե կասկած չկա, որ ադամանդների գողության բացահայտման «հիմքում» քաղաքականություն է. Քաղաքական վերլուծաբան