Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Միջազգային սկանդալ՝ Հայաստանի շուրջ. ՀՀ վարչապետի մերձավոր օլիգարխը գողացված ադամանդ է ապօրինի ներմուծե՞լ Հայաստան
Այսօր ՌԴ իրավապահները աղմկահարույց հանցագործություն են բացահայտել՝ ձերբակալելով «Ալռոսա»-ից ադամանդներ գողացող հանցախմբի անդամների, որոնք գողացել և փորձել են մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխել մեծ քանակի ադամանդ։
ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է, որ գողացված ադամանդները Հայաստան են տեղափոխվել «ADM Diamond LLC» ընկերություն, որի շահառուն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մերձավոր օլիգարխ, Ազգային ժողովի իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն է՝ «Գռզո» մականունով։ ՀՀ վարչապետն անձամբ էր մասնակցել սկանդալի կենտրոնում հայտնված գործարանի բացմանը։
Հիշեցնենք, որ ապօրինի ճանապարհով Հայաստան ներմուծվող ադամանդի մասին առաջին անգամ փաստեր էր հրապարակել Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ 2021 թվականին։ Դեսպան Մինասյանը նշել էր, որ ապօրինի ճանապարհով Հայաստան է ներմուծվում մեծ քանակի ադամանդ, որը մակնշվում է որպես հայկական և արտահանվում։ Միքայել Մինասյանի հավաստմամբ՝ այդ ամենը տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի անմիջական իմացությամբ և հովանավորությամբ։
«Ըստ պետական վիճակագրության՝ 2020 թվականի առաջին եռամսյակի դրությամբ Հայաստանում կար 20 միլիարդի ադամանդ։ Իսկ այդ քանակի ադամանդ մշակելու համար պետք է լինի ավելի քան 1400 աշխատող, այն դեպքում, երբ այդ ոլորտում Հայաստանում գրանցված է 400 աշխատող։ Հետևաբար, այդ քանակը անհնարին է անել եղած մարդկանցով։ Ավելացնեմ մի բան էլ, որ Հայաստանում դա անելու համար պետք կլինեն մեծ գործարաններ, այդ գործարանները պետք է սպառեն մեծ էլեկտրաէներգիա, հարկ տան 1400 հոգու համար։ Այդ ամենը չկա, կա միայն մի թիվ, որ Հայաստանից արտահանվել է 20 միլիարդի ադամանդ և ոսկի։ Այդ համակարգը ստեղծված է և ղեկավարվում է Նիկոլ Փաշինյանի և Նիկոլ Փաշինյանի ընտանիքի կողմից, որովհետև այդ մարդիկ Հայաստանի միջազգային հեղինակության հաշվին կազմակերպել են միջազգային մաֆիոզ ներմուծման և արտահանման համակարգ»,- նշել էր Մինասյանը։
Այս հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունների կողմից Միքայել Մինասյանի և նրա ընտանիքի նկատմամբ իրականացվող քաղաքական հետապնդումներն ավելի կատաղի բնույթ ստացան։
Մինչդեռ այսօր, ավելի քան 1.7 միլիոն ռուբլու արժողությամբ ադամանդների հերթական խմբաքանակը գողանալու փորձի ժամանակ ՌԴ իրավապահները ձերբակալել են ադամանդները գողացող ընկերության աշխատակից Վալենտինա Մատյուշչենկովային, նրա որդի Ալեքսեյ Մատյուշչենկովին, որը միջնորդ է եղել, ինչպես նաև քարերը մաքսանենգ ճանապարհով տեղափոխող Արմեն Պետրոսյանին և Արման Սահակյանին։ Հարուցվել է քրեական գործ գողության և անօրինական շրջանառության հատկանիշներով։ Խուզարկությունների ընթացքում հանցախմբից առգրավվել են մոտ 200 հազար կարատ տեխնիկական ադամանդ, փող ու զարդեր։
2024 թվականի օգոստոսին էլ Հետաքննող լրագրողների «Հետք» պարբերականը գրել էր, որ 2023 թվականին Հայաստանից արտահանվել է աննախադեպ ծավալի՝ 29.1 տոննա կիսամշակ կամ անմշակ ոսկի։ Սա վերջնական մշակում չանցած ոսկին է, որն արտերկրում մշակվում է և զտվում։ Ոսկու գերակշիռ մասը՝ 71%-ը, արտահանվել է Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ԱՄԷ։ Այս ոսկին Հայաստանը ներմուծում է Ռուսաստանից։ Արտահանված ոսկու ընդհանուր արժեքը կազմել է 1.8 միլիարդ դոլար, որը 2022 թվականի համեմատ 4.4 անգամ աճել է։ Արտահանման առաջին տասնյակի երկրորդ տեղում ադամանդն է։ Այստեղ ևս ծավալներն աննախադեպ են՝ մոտ 4.5 մլն կարատ, 593 մլն ԱՄՆ դոլար։
«Հետքի» հետաքննությունը ցույց է տվել, որ խոսքը մեծամասամբ Ռուսաստանից բերված ալմաստի մասին է, որն արտահանվում է չմշակված վիճակում՝ դեռևս ադամանդ չդարձած։ Այս բիզնեսում ներգրավված են հայ, ռուս և արաբ գործարարներ։ Հայկական կողմից ակտիվորեն աշխատում են Աբովյանում գտնվող ADM Diamonds գործարանը և նրանց գործընկերները։ Գործարանի անունը կապվում է ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ։
Նշենք, որ Խաչատուր Սուքիասյանը հայաստանցի օլիգարխ է, որը նաև հանդիսանում է ՀՀ վարչապետի մերձավորը և նրա կուսակցության ցուցակով ընտրված պատգամավոր է։