Էդ Հայաստանի՞, թե Ադրբեջանի՞ էկոնոմիկայի նախարարն է ասել 500 բեռնատար ծիրանի արտահանման մասին. Ֆերմեր
Տնտեսություն
13:59 24/06/2025
Հայաստան

Էդ Հայաստանի՞, թե Ադրբեջանի՞ էկոնոմիկայի նախարարն է ասել 500 բեռնատար ծիրանի արտահանման մասին. Ֆերմեր

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում  այսօր գրել է. «Այս տարվա հունիսի 1-ից հունիսի 23-ը ՀՀ-ից ծիրանով բեռնված 502 բեռնատար արդեն իսկ հատել է ՌԴ մաքսային սահմանը։

Միայն վերջին 3 օրում ծիրանով բեռնված 136 բեռնատար է մտել  ՌԴ»։

Panorama.am-ը դիմեց Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանին, որպեսզի տրամադրեն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծիրանի արտահանման ծավալների հետ համեմատական վիճակագրություն։

Ստացած պատասխանում ասվում է. «Համաձայն ՍԱՏՄ-ի կողմից ներկայացված օպերատիվ տեղեկատվության, Հայաստանի Հանրապետությանից 2025թ․ հունվարի 1-ից մինչև հունիսի 22-ն ընկած ժամանակահատվածում արտահանվել է 13050․7 տոննա ծիրան, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է շուրջ 18.8 %- ով (2024 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 22-ն կազմել է 10977.3 տոննա):

Panorama.am-ը դիմեց Արարատի մարզի Արմաշ գյուղի բնակիչ, ֆերմեր Տիգրան Մաթևոսյանին, որն օրեր առաջ հայտարարել էր, որ բեռնատարերն իրենց գյուղ չեն մտնում, քանի որ խոչընդոտներ կան ծիրանի արտահանման համար, Վրաստանում և ՌԴ-ի սահմանին կուտակված բեռնատարեր կան։

«Ո՞ր երկրի էկոնոմիկայի նախարարն է նման թիվ հայտարարել։ Ես ուղղակի ուզում եմ հասկանալ Հայաստանի՞, թե Ադրբեջանի՞ էկոնոմիկայի նախարարն է հրապարակել նման թվեր։  Այս պահին Արմաշում այլևս բեռնատար չկա, բոլորը գնացել են ավելի բարձրադիր Արտաշատի և Արմավիրի գյուղեր։

 Եթե ուզում եք, եկեք ցույց տամ, որ ծիրանը ծառերի վրա է, այգիների տերերն էլ ոչ գալիս են ոչ հավաքում, քամին թափում է ցած։ Մարդիկ արդեն զզվել են։ Նույն արտահանողներն էին հայտարարում, որ սահմանին իրենց արգելքի ժամանակ պատճառաբանում էին, թե ծիրանում D վիտամինն է քիչ, հիմնատախտակների վրա, կնիք չկա և այլն։ Բեռնատարեր են եղել, որ շաբաթներով, 10 օրով կանգնած են եղել Վերին Լարսում։

Էդ էկոնոմիկայի նախարարը, որ ասում է 500 ֆուռ գնացել է, թող մի հատ հաշվեն, տեսնեն այդքան կարա՞ գնա։ Արմաշ, Երասխ, Սուրենավան գյուղերից օրը 10 ֆուռ էր դուրս գալիս՝ 20 օրում քանի՞ ֆուռ է անում։ Պետք է այդ գյուղերից օրական 20 ֆուռ գնար, որ այդ թիվը հասներ։

 Այսինքը, միայն թվեր կրակելով չէ։ Թող գան, նայեն, կարող է գիշերով թաքուն եկել, բարձել են փուռեր, տարել։

 Մտեք սոցիալական ցանցում և տեսեք, թե մարդիկ Արարատի մարզից ինչ են խնդրում։ Ասում են. «Եկեք 50, 80 դրամով տարեք», «մենք հավաքենք՝ 100 դրամով տանք»։  Ես ինքս արդեն երկու օր է հայտարարում եմ, եկեք ծառի վրայից թե տակից ձրի հավաքեք տարեք ծիրանը։ Խնդիրն այն է, որ այսօր արդեն ստիպված ոռոգել եմ այգին, քանի որ 20 օր է չէի ջրել, ծառերը խեղճացել էին։

 Մի այսպիսի նուրբ հարց կա։ Ծիրան հավաքողին որ ես վարձում եմ, ապա նա օրը 10 հազար դրամ է ուզում, կամ մեկ կիլոգրամին 50 դրամ։ Այսինքը ես պետք է 200 կգ ծիրան վաճառեմ, որ միայն հավաքողի գումարը տամ։ եթե 3 հոգի եմ բերում, ապա 600 կգ պետք է վաճառեմ, որ գոնե այդ վարձու բանվորի փողը տամ, բայց ես այսօր նույնիսկ 100 կգ վաճառելու խնդիր ունեմ։ Մարդիկ 50 դրամով են ուզում, ստացվում է բանվոր բերեմ ծիրանը 50 դրամով հավաքի  ամբողջ գումարն իր աշխատածի դիմաց վերցնի, գնա՞։

 Ես էկոլոգիապես մաքուր ծիրան եմ արտադրում, թունաքիմիկատ չեմ տալիս, ինչի արդյունքում այն որակական բարձր հատկությունները ունի և այն պահում է երկար ժամանակ՝ նույնիսկ սառնարանում պահելուց հետո։

 Կապ չունի, ինչպես է, նախարարն ինչ է ասում, ինչու է ասում։ Լավ գիտեք՝ նախարարները կլինեն, թե երկրի ղեկավարը կլինի, իրենց բերանը ո՛չ ճիշտ խոսք կա, ո՛չ բնակչության խնդիրները, դարդն ու ցավը։ Չգիտեմ, թե իրենք այստեղ ում խնդիրներ են կատարում, ինչպես են կատարում՝ բայց դա շատ լավ են կատարում, որովհետև Հայաստանում գյուղատնտեսությունն էլ է պարալիզացված, գյուղացին էլ է անտերության մատնված։ Թող գան գյուղացիների հետ խոսեն, բայց վերջինների մեջ էլ էն կարգի է վախ մտցրած, որ չեն ուզում խոսել։ Ես իմ փոխարեն եմ խնդիրը բարձրաձայնում։

Հույս ունեի որ ծիրանս ծով է՝ 20-30 տոննա, և վարկ եմ փակելու, բայց ընդամենը 400 հազար դրամ է, այն դեպքում, երբ պետք է 2-3 մլն դրամ պետք է լիներ։ Բա ես ինչքա՞ն տուժվեցի։ Ամեն ջրելս իմ վրա նստում էր 30 հազար դրամ, տարվա մեջ 300-400 հազար դրամի ջուր  եմ անում։ ինչքան ծիրան պետք է վաճառեմ, որ միայն ջրի գումարը տամ, բացի դրանից էլ խոտ մաքրել կա, հողի հարկ, մեքենայով գնալ-գալ և այլն։ Դրա համար հիմա դրել այգիս էլ եմ վաճառում, բայց գնորդ էլ չկա։ Կարանամ գոնե այգին վաճառեմ, տանեմ վարկերս փակեմ, իմանամ վարկ չունեմ, գնամ ծիրան հավաքեմ, ավելի շատ կաշխատեմ։ 2020 թվականին եմ գնել այգին, շատ նպատակներ ունեի։ Սուբսիդավորվող վարկով եմ գնել, էդտեղ էլ խաբեցին մեզ՝ 12 մլն դրամի փոխարեն 4 մլն դրամ տվեցին, ստիպված գնացի 8 մլն դրամը 22-24% վարկ վերցրեցի, հիմա դա էմ փակում։ Մեծն «գիտունն» ասում է՝ գյուղացին պետք է կուլտուրական հագնված գնա դաշտ, դե թող կուլտուրական հագնված գան մտնեցն այս փշերի մեջ, տեսնեմ ինչ են անելու»,-ասաց ֆերմեր Տիգրան Մաթևոսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder