«Ժողովուրդ». Ինչպես է կասեցված 18 գազալցակայաններից 5-ը սկսել գործել առանց ստուգաչափված, կապարակնքված հաշվիչների
Օրվա մամուլ
08:14 25/06/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Ինչպես է կասեցված 18 գազալցակայաններից 5-ը սկսել գործել առանց ստուգաչափված, կապարակնքված հաշվիչների

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր հետաքննությունը գազագողության թեմայի վերաբերյալ, և ստացել ենք տեղեկություններ, որ իրավապահների կողմից կասեցված 18 գազալցակայաններից 5-ը սկսել են գործել, մինչդեռ «Գազպրոմ Արմենիա»-ն նրանց դեռ չի տվել նոր՝ ստուգաչափված, կապարակնքված հաշվիչներ: Անհասկանալի է, թե նրանք ինչ հիմքով են գազ ստանում և վաճառում, ինչպես են հարկեր վճարելու պետությանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի բացահայտումից հետո ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը այս տարվա հունվարի 17-ին նախաձեռնեց քրեական վարույթ, այն ուղարկեց ՀՀ քննչական կոմիտե, որտեղից պաշտոնապես հայտնեցին, որ «քննվում է մի շարք գազալցակայանների սեփականատեր Վ. Կ. (Վիլեն Կարապետյանի)-ի և մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 272 մլն 101 հզր 940 ՀՀ դրամի հարկեր չվճարելու նպատակով ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ ընկերությունների կողմից մատակարարվող և իրացվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու, նախապես հարմարեցված բեռնատար մեքենաներով գազի ապօրինի տեղափոխում իրականացնելու, կեղծ հաշվետվություններ կազմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը»:

Ըստ քննչական կոմիտեի՝ Վիլեն Կարապետյանի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու ապօրինի գործընթացն իրականացվել է նրան պատկանող 18 գազալցակայաններում, որի համար, Կոմիտեի նախագահի որոշումներով, վարույթներով ստեղծվել են քննչական խմբեր, որոնցում ընդգրկվել է 50 քննիչ։

Եվ ահա 50 քննիչներից մեկը որոշել է, որ Վիլեն Կարապետյանը ոչ միայն պետք է վերադառնա Հայաստան (նա փախել էր գործի հարուցումից հետո և գտնվում էր հետախուզման մեջ), այլև Մաքսանենգության գործերի քննության 4-րդ վարչության պետի տեղակալ Պապոյանը մի փաստաթուղթ է տվել փաստաբանական կողմին, որ Վիլեն Կարապետյանը, որն իրենց իսկ վարույթով անցնող ենթադրյալ կեղծարարության և գազագողության հիմնական դերակատարն է, կարող է շարունակել նույն գործունեությունը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Գազպրոմ Արմենիան» դեռ ստուգաչափված հաշվիչներ չի տրամադրել Վիլեն Կարապետյանին պատկանող որևէ ընկերության, այսինքն՝ օրինական հիմքերով Կարապետյանին պատկանող լցակայանները գազ չեն ստանում, սակայն արդեն գործում են. 5 հասցեները մեր ձեռքի տակ են: Անհասկանալի է նաև ՊԵԿ-ի լռությունը. որտեղի՞ց են այդ լցակայանները գազ ստանում և վաճառում, ինչպե՞ս են հաշվարկվելու հարկերը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրավոր հարցումներ է ուղարկել ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Արթուր Պողոսյանին, ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին, վարույթների օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, և սպասում ենք նրանց պատասխաններին: Ինչպե՞ս է հնարավոր օրինական երկրում շարունակել գազագողությամբ զբաղվել և մնալ անպատիժ:

Փորձեցինք նաև գտնել Վիլեն Կարապետյանին, սակայն՝ ապարդյուն»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder