Վերջը մոտենում է․ Կարինե Նալչաջյան
Հասարակություն
17:23 28/06/2025
Հայաստան

Վերջը մոտենում է․ Կարինե Նալչաջյան

«Այն ինչ կատարվում է եկեղեցու նկատմամբ խորքային ազդեցություն կարող է թողնել մարդկանց վրա, որովհետև կրոնական ապրումներն ինքնին խորքային են և բխում են ենթագիտակցական խորքերից»,- այս մասին panorama.am-ի հետ զրույցում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ անդրադառնալով վերջինօրերին եկեղեցու և հոգևորականների նկատմամբ տեղի ունեցող բռնություններին ու ճնշումներին։

Հոգեբանը նշեց, որ եկեղեցու նկատմամբ ճնշումներն ուղիղ հարված են քաղաքացու ապրումներին։

«Գրեթե բոլորս գնում ենք  եկեղեցի, աղոթում ու մոմ ենք վառում, սուրբ հայրերից՝ հաղորդություն ստանում։ Այսինքն՝ սա մասսայական բնույթ է կրում։ Եվ, երբ հարված է հասցվում այս ամենին, այն էլ` այսպիսի գռեհիկ, գարշելի ձևերով, իհարկե,  մարդիկ էմոցիոնալ են տանում և դուրս են գալիս ափերից։ Տեսեք, երկրի ղեկավար է և տրամաբանորեն չպետք է իրեն թույլ տա նման գռեհկ արտահայտություններ, բայց անում է։ Կարծում եմ՝ այդ քայլերը հեռահար մտածված են, քանի որ նպատակ ունեն  Հայաստանին, հայկականությանը հասցնել հնարավոր բոլոր հարվածները։ Այսօր Հայաստանին շատ ուժեղ հարված է նաև միջազգային ասպարեզում այսպիսի խայտառակ կերպարով հանդես գալը։ Մի կողմից հարվածներ է հասցնում մեր սրբություններին ու արժեքներին, իսկ  մյուս կողմից խայռատակում է պետությունը։ Մի բան, որը դրված է իր առջև՝ թուլացնել Հայաստանը»,- ասաց Նալչաջյանը։

 Կարինե Նալչաջյանն այս ամենի հետևում տեսնում է թուրքական ձեռագիր։

«Դեռևս 2018թ․-ից անընդհատ ասում էինք, որ սա աղետ է, բայց աղետի այսպիսի մասշտաբներ, անկեղծ ասած, չէի պատկերացնում, շատերը չէին պատկերացնում։ Անպայման թուրքական հետք է, եթե փորձենք դա չնկատել, ամենադաժան ինքնախաբեությունը կլինի»,- ավելացրեց Նալչաջյանը։

Նրա գնահատմամբ՝ իրավիճակը բարդ է և, հաշվի առնելով վերջին օրերի լարվածությունները, քաղաքական ուժերը պետք է լուրջ մոտեցումներ ցուցաբերեն, որպեսզի չհյուծվի հասարակության դիմադրության պոտենցյալը։

 «Եթե հնարավոր չլինի պահել զգացմունքային բարձր աստիճանը, ավելի խորն անկում ենք ունենալու և մարդկանց ապատիայից հանելը դժվար է լինելու։ Այո, քաղաքական ուժերի նկատմամբ այսօր մարդկանց մոտ կա թերահավատություն։ Այդ նույն քաղաքական ուժերը, հատկապես վերջին ժամանակներս, նպաստեցին այդ թերահավատության ուժեղացմանը։ Ցավալի է, երբ բաց տեքստով տեսանք ընդդիմադիր ուժերի տարաձայնությունը։ Բայց հիմա պետք է  նրանց կողմից տեսնենք լուրջ մոտեցումներ»,- ասաց նա։

Ամեն դեպքում, Նալչաջյանը խոսքով՝  երեկ ոստիկանների մոտ  նկատվում էին խուսափող հայացքներ, իսկ ուժային կառույցները գործող ղեկավարի միակ հենարանն են։

«Ալիևն անընդհատ ասում է՝  ադրբեջանցիների վերդարձը լինելու է  իրենց ոստիկանների ուղեկցությամբ։ Հիմա, մեր ոստիկանության յուրաքանչյուր աշխատակից պետք է հասկանա՝ վերջը մոտենում է, իրենց կարիերայի վերջը մոտենում է, տեսանելի ապագայում հայ ոստիկանը ոչ ոքի պետք չի լինելու՝ ո՛չ Նիկոլին, ո՛չ էլ Ալիևին։ Ադրբեջանական հոսքը կարող է գալ մեր երկիր, որովհետև այդպիսի ծրագիր կա, եթե այս իշխանությունը մնա»,- նշեց Նալչաջյանն ու եզրափակեց․ «Թուրք ընդունելը նշանակում է վերջակետ հայկական պետությանն ու հայությանն առհասարակ»։

 

 

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder