Հոգևոր անդաստանում նվիրական ավանդույթները անխափան շարունակվում են՝ հակառակ հայրենական ու եկեղեցական կյանքը փոթորկող տագնապներին և դժվարություններին. Նաթան սրբազան
Հասարակություն
17:22 30/06/2025
Հայաստան

Հոգևոր անդաստանում նվիրական ավանդույթները անխափան շարունակվում են՝ հակառակ հայրենական ու եկեղեցական կյանքը փոթորկող տագնապներին և դժվարություններին. Նաթան սրբազան

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գևորգյան հոգևոր ճեմարանի` 2024-2025 թթ․ ուսումնական տարվա փակման հանդիսությունը:

Միջոցառումը սկսվել էց Տերունական աղոթքով, որից հետո հնչել են ՀՀ և Գևորգյան հոգևոր ճեմարանի օրհներգերը: Այնուհետև ներկաներին ողջունել է Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Հայր Սուրբը, անդրադառնալով Եկեղեցու և հայ ժողովրդի կյանքում ճեմարանի ունեցած կարևորագույն նշանակությանը, ի մասնավորի ընդգծել է․ «Ճեմարանը միայն կրթության օջախ, հայրենապաշտության ու հայրենագիտության ավանդական դպրոց չէ։ Այն նախևառաջ Տիրոջ առաքյալների, մարգարեների ու աշակերտների հետևորդների կերտման վայր է, մարդակերտումից անդին՝ հոգեկերտումի օրրան է, այստեղ՝ Հայաստանյայց Առաքելական մեր Մայր եկեղեցու սրտում՝ Սուրբ Էջմիածնում։ Իսկ հոգեկերտումի համար միշտ էլ անհրաժեշտ է հավիտենական տեսիլք, ոչ թե ժամերով, րոպեներով ու վայրկյաններով, այլ դարերով և դարաշրջաններով չափվող հուրհրան լույս, որից սնվել, սնվում և սնվելու են մեր եկեղեցու առաջնորդներն ու սպասավորները։ Լույսի այդ կանթեղն այստեղ է, ոչ հեռու, Քրիստոսատուր տեսիլքով հիմնված Մայր Տաճարի հիմքերում։ Ուրիշ տեսիլքի չի կարող ծառայել ճեմարանականն ու ճեմարանավարտ հոգևորականը, ուրիշ ոչ մի լույսով չի կարող բժշկել կյանքից ու աշխարհից պարբերաբար մթնող իր աչքերը, ուրիշ ոչ մի ձայն այդքան հարազատ ու ընտանի չի հնչելու նրա հոգում, քան Սուրբ Էջմիածնի ելևէջը, որը, Սուրբ Գրիգոր Նարեկացու բառերով՝ «փշրեալ եւ բաշխի ի մասունս անհատս»»։

Հայր Շահեն իր խոսքում հորդորել է ճեմարանավարտ սաներին լինել խիզախ ու քաջ զինվորները Քրիստոսի Սուրբ Եկեղեցու՝ պատրաստ իրենց կյանքի գնով պաշտպանելու նախնիների սրբություններն ու արժեքները։

Վերջում տեսուչ Հայր Սուրբն իր երախտագիտությունն է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին ճեմարանի նկատմամբ ցուցաբերվող հայրական հոգածության և ուշադրության, ինչպես նաև ճեմարանի ուսուցչական-դասախոսական կազմին իրենց նվիրյալ աշխատանքի համար։

Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբի կատարումներից հետո դասախոսների անունից ներկաներին խոսք է ուղղել պ․գ․թ․ Ավետիս Հարությունյանը, իսկ ուսանողության անունից սրտի խոսքն է ասել 6-րդ լսարանի սան Բարեշնորհ Արման սարկավագ Բաղդասարյանը։

Հանդիսության ընթացքում Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի ձեռամբ պարգևներ հանձնվել են ուսման մեջ բարձր առաջադիմություն արձանագրած ուսանողներին:

Միջոցառման վերջում իր պատգամն է բերել Նաթան Սրբազանը։

Նաթան արքեպիսկոպոսը, ներկաներին փոխանցելով Ամենայն Հայոց Հայրապետի սերն ու օրհնությունը, շնորհավորել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր-կրթական հաստատությունների ուսումնական տարեշրջանի փակման հանդիսության առիթով:

Սրբազան Հայրը գոհունակությամբ արձանագրել է, որ հոգևոր անդաստանում նվիրական ավանդույթները անխափան շարունակվում են՝ հակառակ հայրենական ու եկեղեցական կյանքը փոթորկող տագնապներին և դժվարություններին:

«Աստծո կոչին արձագանքելն ու դրանով ապրելն է հոգևորականաց պատրաստության կարևոր գործի առանցքը: Ահա թե ինչու առաջնային է ոչ միայն ապագա հոգևորականի գիտելիքը, հոգևոր-ազգային կերտվածքը, այլ նախ և առաջ Տիրոջ կոչին ու պատգամին ականջալուր լինելու, Նրա խոսքն ու պատվերը կյանքում ապրելու և ապրեցնելու կարողությունը:

Այդպես են ձեռք բերված գիտելիքն ու հոգևոր փորձառությունը տարեցտարի զորանում, պտղաբերում, դառնում երկնավոր Վարդապետին բոլորանվեր ծառայելու աներեր համոզում ու սկզբունք»,-ասել է  Նաթան արքեպիսկոպոսը՝ հավելելով նաև, որ մերօրյա հասարակության մեջ ամենատարբեր ապազգային ու հակաքրիստոնեական գաղափարախոսությունները հաճախ չարակամ համառությամբ փորձում են խլացնել Տիրոջ ձայնը, բայց փառք Աստծո, այն շարունակում է արձագանքել քահանայական ծառայության հանձնառությունն ունեցող երիտասարդների ազնիվ հոգիներում:

Սրբազան Հայրն ուսումնական տարվա փակման հանդիսություն առիթով իր շնորհավորանքներն է փոխանցել Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսչությանը, գիտակ, փորձառու և եկեղեցասեր դասախոսներին, որոնց այսօր փոխանցվել է ճեմարանի պատմական առաքելությունն ու պատասխանատվությունը՝ դաստիարակելու և կերտելու Քրիստոսի Սուրբ Եկեղեցու արժանի սպասավորներ:

Նաթան Սրբազանը մաղթել է ճեմարանականներին, որ Բարձրյալն Աստված առավել պայծառացնի իրենց միտքն ու հոգին, ամրացնի և զորացնի քահանայական վեհ ծառայությանը նվիրվելու իրենց կոչումը, մշտապես լինել Տիրոջ կանչին ականջալուր խոհեմ ու նախանձախնդիր սպասավորներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի խիզախ ու անվեհեր զինվորներ:

Հանդիսությունը եզրափակվել է «Պահպանիչ» աղոթքով:

2024-2025 ուսումնական տարում ճեմարանն ավարտել է 11 սան:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder