Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մինսկի խմբի լուծարումն Ադրբեջանի համար կարող է այլ նպատակներ հետապնդել. Արարատ Միրզոյան
ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսում Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի հարցին ի պատասխան Արարատ Միրզոյանը ասել է.
«Ըստ էության, պայմանագիրը պատրաստ է ստորագրման, որից հետո, ցավոք, տեսանք, որ ադրբեջանական կողմը մի քանի այլ նախապայմաններ ունի, այդ թվում և՝ օրինակ, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, կամ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելու, խմբագրություն անելու անհրաժեշտությունը։ Մենք մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք, որ Մինսկի խմբի լուծարման օրակարգը մեզ համար ընդունելի է՝ միաժամանակ հասկանալով, որ խաղաղությունը, որը հաստատվում է, պետք է լինի ինստիտուցիոնալ կերպով, մենք դա տեսնում ենք խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։
Հետևաբար, եթե մենք ստորագրում ենք խաղաղության պայմանագիրը, կամ նույնիսկ եթե մենք ֆիքսում ենք այն օրը, երբ կարելի է ստորագրել խաղաղության պայմանագիրը՝ շատ շոշափելի, տեսանելի մոտ ապագայում, ապա մենք կարող ենք Մինսկի խմբի լուծարման ուղղությամբ համատեղ քայլեր սկսել։ Մյուս կողմից, ադրբեջանական կողմի վարանումն այս առումով մեզ հիմք է տալիս մտածելու, որ մենք չենք թաքցրել նաև մեր մտավախությունը, որ Մինսկի խմբի լուծարումն Ադրբեջանի համար կարող է այլ նպատակներ հետապնդել, նպատակներ, որոնք կարող են խաթարել, օրինակ, մեր տարածքային ամբողջականությունը։ Հետևաբար, կրկին մենք ուզում ենք համոզվել, որ վերջնական, համապարփակ ինստիտուցիոնալ խաղաղություն ենք հաստատում և այդ դեպքում, բնականաբար, Մինսկի խմբի անհրաժեշտությունն ինքնին վերանում է»։