Կալանավորում են նաև Սամվել Կարապետյանի լուսանկարները. Ա. Վարդևանյան
Քաղաքական
14:15 02/07/2025
Հայաստան

Կալանավորում են նաև Սամվել Կարապետյանի լուսանկարները. Ա. Վարդևանյան

«Դատավոր Արմեն Դանիելյանը կախվածություն ունի իր կարիերայի աճի մեջ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից։ Այն նույն խմբակցությունից, որն ամեն օր խոսում է Սամվել Կարապետյանի մասին։ Նա ինչպե՞ս կարող էր անաչառ դիտորդի մոտ ընկալվել անկախ։ Չի կարող, չէ՞»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց Սամվել Կարապետյանի փաստաբան Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Դանիելյանի պատճառով վերքննիչ բողոքը հետ վերցնելուն։

Նա համոզված է՝ եթե բացարկ հայտնեին, ապա դատավորը մերժելու էր այդ միջնորդությունը։

Փաստաբանն ընդգծեց՝ Սամվել Կարապետյանի լուսանկարների նկատմամբ նույնպես իրականացվում են իրավական ռեպրեսիվ գործողություններ։

«Պարզվեց,  իրավիճակն այնպիսին է, որ ոչ միայն Սամվել Կարապետյանը պետք է կալանավորված լինի, այլ իր լուսանկարները ևս բերման են ենթարկվում, այնուհետև կալանավորվում են։ Դալմա մոլի շենքին փակցված լուսանկարների համար եկել էին ոչ միայն քաղաքապետարանի աշխատակիցներ, ոստիկաններ, որոնք անհասկանալի իրավական հիմքերով միջամտեցին այդ ամենին, այլև հետագայում էլ կալանավորեցին լուսանկարները»,-ասաց Ա. Վարդևանյանը։

Փաստաբանի խոսքով, գործի նկատմամբ ոչ լեգիտիմ, քաղաքական նպատակի առկայությունն ընդգծում է նաև այն, որ նույնիսկ տնային կալանքը չի ընտրվել որպես խափանման միջոց։

«Հետաքրքիր հանգամանք. վերջերս, երբ գլխվոր դատախազը ներկայացնում էր իր գործունեության վերաբերյալ հաշվետվությունն ԱԺ-ին, նշել էր վերաքննիչ դատարանի մի նախադեպ, որտեղ գրված էր՝ տնային կալանքին միշտ պետք է նախապատվություն տրվի հատկապես միջին ծանրության ենթադրյալ հանցանքների դեպքերում, քանի որ հակառակի հավասարկշռումը շատ բարդ է  հիմնավորել։ Ի դեպ, այս ողջ «քրեական» հետապնդումը, որն ակնհայտ ապօրինի է, սկիզբ  առել գլխավոր դատախզի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա։ Մասնագիտական հանրույթին կարծում եմ, սա իսկապես շատ հետաքրքիր կլինի, քանի ինքս նման դեպք չեմ հիշում, որ գլխավոր դատախազը հենց հաղորդում ներկայացնի»,-ասաց Վարդևանյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder