Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այս տարվա հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում Ավստրիայում, Չեխիայում, Հունգարիայում և Սլովակիայում գրանցվել է հեպատիտ A-ի դեպքերի զգալի աճ, որն առաջին հերթին ազդել է անօթևան մեծահասակների, ներարկման միջոցով թմրանյութեր օգտագործող մարդկանց և վատ սանիտարական պայմաններում ապրողների վրա, որոնք ունեն առողջապահական ծառայություններից օգտվելու սահմանափակ հասանելիություն: Մի քանի դեպքեր են գրանցվել նաև Չեխիայի և Սլովակիայի գնչուական համայնքների շրջանում:
Ընդհանուր առմամբ, այս տարի ավելի քան 2000 դեպք է գրանցվել, այդ թվում ՝ մահվան ելքով, Ավստրիայում և Չեխիայում։ Գենետիկական հաջորդականությունը հաստատում է միջսահմանային փոխանցումը և ընդգծում հանրային առողջության համակարգված գործողությունների անհրաժեշտությունը:
ԵՊԲՀ առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնի հաղորդմամբ, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնն առաջարկում է հանրային առողջության մի շարք հրատապ միջոցառումներ, ներառյալ`
• Բարձր ռիսկային խմբերի նպատակային պատվաստում:
• Հետազդակային կանխարգելում` սերտ շփումներ ունեցող անձանց համար:
• Բնակչության հետ բացատրական աշխատանքների վարում՝ հաշվի առնելով լեզվական և մշակութային համատեքստը:
• Հիգիենայի միջոցների` ինչպիսիք են օճառը և ջուրը, մատչելիության և հասանելիության բարելավում` հեշտ հասանելի հանրային հաստատություններում և վայրերում:
• Վարակի փոխանցման բնույթը հասկանալու համար շարունակական մոնիտորինգի և հետազոտությունների իրականացում:
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման եվրոպական կենտրոնում առողջության հետ կապված հիվանդությունների վերահսկման բաժնի ղեկավար Օլե Հոյերը ասել է. «Այս բռնկումը հիշեցնում է մեզ, որ հեպատիտ A-ն կարող է հանգեցնել լուրջ բարդությունների և նույնիսկ մահվան, հատկապես բժշկական ծառայությունների և տարրական հիգիենայի սահմանափակ հասանելիություն ունեցող մարդկանց շրջանում: Մենք պետք է ուժեղացնենք իրազեկման աշխատանքները, ապահովենք պատվաստումների հասանելիությունը այն խմբերի համար, որոնք ավելի հավանական է, որ վարակվեն, և ապահովենք տարրական սանիտարական պայմաններ, հատկապես դեպքերի աճի հետ կապված: Դրանք միայն առողջապահական միջոցառումներ չեն, դրանք արդարություն սահմանելու միջոցառումներ են»:
2025 թվականին չորս տուժած երկրներ հայտնել են հեպատիտ A-ի 2097 դեպքի մասին: Սլովակիան, որտեղ բռնկումը շարունակվում է 2022 թվականի վերջից, հաղորդել է միայն 2025 թվականին գրանցված 880 դեպքի մասին: Այս տարի Ավստրիայում գրանցվել է 87 հաստատված դեպք, այդ թվում՝ երեք մահվան դեպք, ինչն արդեն գերազանցում է 2024 թվականի ցուցանիշը:
Հունգարիան այս տարի հաղորդել Է 530 դեպքի մասին, հիմնականում մեծահասակների շրջանում: Գերմանիան, չնայած տուժած երկիր չէր համարվում, բացահայտեց երեք դեպք, որոնց գենոմային բնութագրերը համընկնում էին Հունգարիայի և Ավստրիայի տվյալների հետ: Չեխիայում 2025 թվականին հաստատվել է 600 դեպք, այդ թվում՝ 6 մահվան դեպք, ընդ որում՝ առավել խոցելի խումբը փոքր երեխաներն են։
Գենետիկական հաջորդականությունը թույլ է տալիս եզրակացնել, որ վիրուսի շարունակական փոխանցումը մարդուց մարդուն կապված է սոցիալական միջոցների կամ աշխարհագրական տարածքների հետ, այլ ոչ թե բազմաթիվ չկապակցված բռնկումների: Այս արդյունքները հաստատում են միջսահմանային փոխանցումը և ընդգծում հանրային առողջության համակարգված գործողությունների անհրաժեշտությունը, ինչպես նաև համագործակցության, ժամանակին հայտնաբերման և նպատակային միջամտությունների կարևորությունը:
Հեպատիտ A-ն լյարդի սուր վիրուսային հիվանդություն է, որի հարուցիչը հեպատիտ A-ի վիրուսն է (HAV), որը փոխանցվում է հիմնականում բաղարկված սննդի, ջրի կամ վարակված մարդկանց հետ սերտ շփման միջոցով: Այն հիվանդություն է, որը կարելի է կանխել պատվաստանյութերի միջոցով և առավել հաճախ ազդում է սոցիալապես խոցելի խմբերի վրա: Վարակման ռիսկի գործոնները ներառում են անվտանգ ջրի հասանելիության բացակայությունը, վարակված անձանց հետ սերտ շփումը (ներառյալ սեռական վարքի որոշակի ձևեր, ինչպիսիք են անալ, օրալ սեքսը), թմրանյութերի օգտագործումը և ճանապարհորդությունները դեպի այն տարածքներ, որտեղ շրջանառվում է վիրուսը: Սիմպտոմատիկ կամ ծանր հեպատիտ A-ի զարգացման հավանականությունը մեծանում է տարիքի հետ և ավելի մեծ է իմունային անբավարարություն կամ լյարդի քրոնիկ հիվանդություն ունեցող մարդկանց մոտ: