«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն դիմե՞լ է, որ առգրավված կես միլիոն դոլարից ավելի գումարը ի պահ հանձնի Կենտրոնական բանկին
Օրվա մամուլ
08:07 03/07/2025
Հայաստան

«Ժողովուրդ». Քննչական կոմիտեն դիմե՞լ է, որ առգրավված կես միլիոն դոլարից ավելի գումարը ի պահ հանձնի Կենտրոնական բանկին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը լրագրողական հետաքննության շրջանակում ուսումնասիրում է ՀՀ Քննչական կոմիտեի չհրկիզվող պահարանից շուրջ 590 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի անհետացման գործընթացը։ ՀՀ Կենտրոնական բանկից «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքրվել է՝ արդյոք ՀՀ Քննչական կոմիտեն դիմե՞լ է, որ առգրավված կես միլիոն դոլարից ավելի գումարը ի պահ հանձնի այդ կառույցին, եթե այո, ապա ինչու չեն ընդունել գումարը:

Ի պատասխան՝ ՀՀ Կենտրոնական բանկը հայտնել է «Ձեր 27.05.2025թ. գրությանը ի պատասխան հայտնում ենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի 98 և 134 հոդվածներով սահմանված են քրեական վարույթի շրջանակում իրեղեն ապացույցների պահպանման կարգն ու սուբյեկտները: Մասնավորապես՝ 98-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է, որ «6. Իրեղեն ապացույց ճանաչված դրամը, արժեթղթերը կամ այլ արժեքները վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ 2) փոխանցվում են վարույթն իրականացնող մարմնի դեպոզիտային հաշվին կամ պահպանման են հանձնվում բանկին կամ այլ վարկային կազմակերպությանը, եթե դրամանիշների անհատական հատկանիշներն ապացուցման համար նշանակություն չունեն»:

Համաձայն նշված կարգավորման՝ ՀՀ կենտրոնական բանկը չի հանդիսանում իրեղեն ապացույց ճանաչված կամ առգրավված գույքն ի պահ ընդունող մարմին: Ձեր ուշադրությունն ենք ցանկանում հրավիրել այն հանգամանքին, որ նշված կարգավորումն ամրագրվել է դեռևս 01.07.2022 թվականին ուժի մեջ մտած ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքով՝ ի պահ ընդունող սուբյեկտների կազմից հանելով «պետական բանկի հիմնարկներ» ձևակերպման ներքո ենթադրվող սուբյեկետներին»»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder